ԵՄ օդային անվտանգության ցուցակում հայտնվել են ՀՀ-ում գրանցված բոլոր 7 ավիաընկերությունները
11:16 - 17 հունիսի, 2020

ԵՄ օդային անվտանգության ցուցակում հայտնվել են ՀՀ-ում գրանցված բոլոր 7 ավիաընկերությունները

2020 թվականի հունիսի 2-ին համացանցում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերություններին արգելվել է թռչել ԵՄ տարածք: 

Լուրը շատ արագ տարածվեց համացանցում. քննարկման առիթ դարձավ քաղաքական և մասնագիտական շրջանակներում,  ինչին հաջորդեց ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն» հարթակի  «Արգելքը տարածվել է Հայաստանից կանոնավոր ավիափոխադրում իրականացնող մեկ ավիաընկերության վրա. մյուսները Եվրոպա թռիչքներ չեն իրականացրել» վերտառությամբ փաստերի ստուգման հոդվածը, որտեղ այս թեմայով լրատվամիջոցների կողմից հրապարակված վերնագրերին տրվում է մանիպուլյատիվ բնորոշումը։

«Այսօր մամուլում տարածվել է տեղեկություն, թե Հայաստանում գրանցված ավիաընկերությունները այլևս չեն կարողանալու թռիչքներ իրականացնել դեպի Եվրամիություն։ Մանիպուլյատիվ վերնագրերով այս լուրը քննարկման առարկա է դարձել համացանցում և փորձագետների շրջանում»,-նշվում հրապարակման մեջ։

Այնուհետև մեջբեվում  Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ուղղված հարցման պատասխանը․ 

«Եվրահանձնաժողովի թարմացրած ԵՄ օդային անվտանգության ցուցակով ԵՄ երկինք մուտք գործելու իրավունքից զրկվել են ընդհանուր առմամբ թվով 96 ավիաընկերություն՝ 16 երկրից։ 96 ավիաընկերություններից միայն մեկն է, որ Հայաստանից ավիափոխադրում է իրականացրել դեպի Եվրամիություն»։

Նաև նշվում է, որ արգելքի տակ հայտնված ավիափոխադրողը կանոնավոր թռիչքներ էր իրականացնում միայն մեկ ուղղությամբ՝ Լիոն։ Հայկական մյուս ավիափոխադրողները եվրոպական երկրներ թռիչքներ այսպես թե այնպես չեն իրականացրել։

Փաստերի ստուգման հոդվածի հրապարակումից 1 օր անց՝ հունիսի 3-ին, քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևի Ռևազյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

«Aircompany Armenia-ին և Atlantis European Airways-ին է վերաբերում այս ամեն ինչը, որ կարող է լուրջ խոչընդոտ ստեղծել: Սակայն բավականին քիչ կանոնավոր չվերթներ են իրականացնում այդ ընկերությունները, բայց չարտերներ ևս կազմակերպում են: Հանրությունը շատ մեծ փոփոխություն չի զգա, բայց պարզ է, որ ավիաընկերության համար կարող է դա մեծ խոչընդոտ լինել»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Infocom-ի ձեռքի տակ հայտնվել էր Թռիչքային անվտանգության Եվրոպական գործակալության նամակը, որը հասցեագրված էր   «Ավիակոմպանիա Արմենիայի» տնօրենին: 

Նամակում ասվում է, որ Եվրոպական հանձնաժողովի՝ փետրվարի 3-7-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում (ՔԱԿ) անցկացրած մոնիթորինգի արդյունքում եկել են այն եզրակացության, որ Հայաստանը ներկայումս ի վիճակի չէ լիցենզավորել և վերահսկել իր օպերատորներին և օդանավերին՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Որպես նշվածի հետևանք՝ ՀՀ ՔԱԿ-ը ներկայումս պատրաստվում է վերալիցենզավորել նախկինում իր կողմից լիցենզավորած բոլոր օպերատորներին։

Նաև ասվում է, որ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը ներկայումս չունի վստահություն ՀՀ ՔԱԿ-ի կողմից տրված լիցենզիայի նկատմամբ: Այդ լիցենզիան է այն հիմքը, որով «Ավիակոմպանիա Արմենիա»-ին տրվել է TCO (Երրորդ երկրի օպերատոր) լիցենզիա։

Ի՞նչ է ԵՄ օդային անվտանգության ցուցակը («սև ցուցակ»). 

ԵՄ օդային անվտանգության ցուցակում կարող են հայտնվել այն ավիափոխադրողները, որոնք չեն համապատասխանում անվտանգության միջազգային ստանդարտներին և ավիաընկերության պետությունը ընդունակ չէ լիցենզավորել և վերահսկել օպերատորին: ԵՄ օդային անվտանգության ցուցակում հայտնված ավիաընկերությունները չեն կարող թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ և ԵՄ տարածքում:

Բացի ԵՄ թռիչքներ իրականացնող ավիաընկերություններից այս ցուցակում կարող են հայտնվել նաև ավիափոխադրողներ, որոնք թռիչքներ չեն իրականացնում ԵՄ:

Այսպիսով՝ Եվրահանձնաժողովը հունիսի 2-ին հայտնել է  ԵՄ ավիացիայի թարմացված «սև ցուցակ»-ի մասին, որից հետո հրապարակել են ցուցակ, ըստ որի ԵՄ օդային անվտանգության ցուցակում ընդգրկվել է 96 ավիափոխադրող 16 երկրներից:

Ցանկում ընդգրկված 96 ավիափոխադրողներից 7-ը գրանցված են Հայաստանում:

Այսինքն՝ Հայաստանում գրանցված բոլոր 7 ավիաընկերությունները հայտնվել են ԵՄ օդային անվտանգության ցուցակում, հետևաբար այն պնդումը, որ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները այլևս չեն կարողանալու թռիչքներ իրականացնել դեպի Եվրամիություն փաստացի համապատասխանում է իրականությանը և, ի հակադրություն «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի բնորոշման,  զերծ է մանիպուլյացիայից:

Մյուս կողմից՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնի հոդվածի վերնագիրը թեև ընդհանուր առմամբ համապատասխանում է իրականությանը, այսինքն՝ ԵՄ օդային անվտանգության ցուցակում ընդգրկվելը այս պահին խոչընդոտ է հանդիսանում միայն մեկ ավիաընկերության գործող թռիչքների համար, սակայն չի արտացոլում խնդիրն ամբողջությամբ և տպավորություն է ստեղծվում, որ դա որևէ կերպ չի անդրադառնում կամ չի կարող անդրադառնալ հայկական այլ ընկերությունների գործունեության վրա։

Արգելվել է ՀՀ-ում գրանցված բոլոր 7 ավիաընկերությունների մուտքը ԵՄ: Թեև միայն մեկ ավիաընկերություն էր այս պահին կանոնավոր թռիչքներ իրականացնում դեպի Եվրոպական Միության տարածք, սակայն մյուս ավիաընկերությունները նույնպես զրկվել են այն պոտենցիալ հնարավորությունից, որը կարող էին ունենալ։

Հավելենք նաև, որ Քաղաքացիական ավիացայի կոմիտեից, ի պատասխան մեր հարրցմանը, տվել են գրեթե նույն պարզաբանումն այն մասին, որ Հայաստանում գրանցված և օդանավ շահագործողի վկայական ունեցող ընկերություններից միայն երկու ավիաընկերություն ունեին Եվրոպական Միության երկրներ թռիչքներ իրականացնելու իրավունք, սակայն երկու ավիաընկերություններից միայն մեկ ավիաընկերությունն էր, որ փաստացի իրականացնում էր թռիչքներ դեպի Եվրոպա:

Վերոհիշյալ երկու ընկերություններն են «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն և «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ-ն: 

Այսպիսով՝ հայաստանյան օդանավ շահագործող և «Երրորդ երկրի օպերատոր» սերտիֆիկատ ունեցող վերոհիշյալ երկու ընկերություններից միայն  «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն էր կանոնավոր թռիչքներ իրականացնում դեպի Լիոն, իսկ «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ-ն Երևանից դեպի Եվրոպա թռիչքներ չէր իրականացնում:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից նաև մեզ հայտնեցին, որ Հայաստանում գրանցված և օդանավ շահագործողի վկայական ունեցող ավիաընկերությունները շարունակելու են իրենց անխափան գործունեությունը գրեթե բոլոր տարածաշրջաններում և գրեթե բոլոր ուղություններով՝ բացառությամբ Եվրոպական ուղղությունների:

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել