Տուսկի հայտարարությունը մարտահրավերներ ունի, եւ դրանք հաղթահարելու համար մեր դիվանագիտությունը պետք է ժամ առաջ հետեւողական աշխատանք վարի․ Եվա Թովմասյան
14:50 - 20 հունիսի, 2020

Տուսկի հայտարարությունը մարտահրավերներ ունի, եւ դրանք հաղթահարելու համար մեր դիվանագիտությունը պետք է ժամ առաջ հետեւողական աշխատանք վարի․ Եվա Թովմասյան

Օրերս, երբ հայտնի դարձավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի մասին, Եվրոպական Միության խորհրդարանում ամենամեծ ֆրակցիայի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում կատարեց բովանդակությամբ, որ ԵԺԿ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ընդդիմությանը ճնշելուց։ Տուսկի գրառման մեջ նշված էր նաեւ, որ ԵԺԿ-ն «մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի բազմաթիվ օրինականերով»։

Այս տեքստը, իհարկե, մեծ արագությամբ տարածվեց հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցցանցերում եւ առիթ դարձավ տարատեսակ մեկնաբանությունների։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը, մասնավորապես, սա մեկնաբանեց որպես եվրոպական ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական ընտանիքի ղեկավարի արած այնպիսի շեշտադրում, որտեղ, ի թիվս այլ նրբերանգների, «ընդգծում են նաեւ այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի ներքո լոկալ պոպուլիստների բռնատիրական ջանքերը միջազգային հանրության առջեւ աննկատ եւ անհետեւանք անցնել չեն կարող»։ 

Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք Եվրոպական ժողովրդական կուսակցության պաշտոնական կայքից՝ կուսակցությանն անդամակցում են ՀՀԿ-ն եւ Ժառանգությունը՝ դեռեւս 2012 թվականից։ 

Տուսկի հայտարարության պատճառների, դրա հնարավոր ազդեցության ու եվրոպական կառույցների հետ ՀՀ գործող կառավարության առավել արդյունավետ համագործակցության մասին զրուցել ենք Եվա Թովմասյանի հետ, որը 2010 թվականից մասնագիտացված է Եվրոպական տեղական եւ միջազգային քաղաքական ուժերի հետ աշխատանքի ոլորտում։

Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ երբ խոսում ենք եվրոպական քաղաքական ընտանիքների մասին, պետք է պատկերացնենք նաեւ, թե այդ քաղաքական ընտանիքները ինչպես են ձեւավորվում եւ եվրոպական քաղաքականության հիերարխիայի որ սանդղակում են։ Այս առումով ամենակարեւորը, ըստ Թովմասյանի, այն հանգամանքն է, որ ԵԺԿ-ն եվրոպական քրիստոնյա-դեմոկրատական, պահպանողական ընտանիք է, այսինքն՝ Եվրոպական միության եւ եվրաինտեգրվող տարածքաշրջանների՝ նշյալ հայացքներին հարող ամենատարբեր կուսակցություններ կարող են դիմել, դառնալ լիիրավ անդամ, նախագծերի մշակման մասնակցել, բանաձեւերի քննարկման, եւ այլն․

«Սա լրիվ առանձին աշխատանքային ֆորմատ է, եւ ամենակարեւորը՝ այս կուսակցությունները, որոնք մինչեւ 4-5-ն են, չեն հանդիսանում եվրոպական ինստիտուտներ։ Ես ցավով պետք է նշեմ, բայց ԵԺԿ-ն իր հերթին երբեք չի առանձնացել, թույլ տվեք ասել, իր քաղաքական «մաքրասիրությամբ»։ Եվրոպական միության ամենատարբեր երկրներում իրենց իսկ պետություններին արջի ծառայություն մատուցած առաջնորդներն ինչ-որ տարօրինակ զուգադիպությամբ հայտվել են ԵԺԿ անդամների շրջանակներում։ Դրա պարզ օրինակը կարող է լինել Վիկտոր Օրբանը՝ ԵՄ անդամ Հունգարիայի՝ պոպուլիստ համարվող առաջնորդը։ Ի դեպ՝ այնտեղ ընդդիմության շատ մեծ դժգոհություն է կուտակվում Օրբանի նկատմամբ։ Հատկանշական է, որ նույն այդ Օրբանի հակասահմանադրական գործողությունները, իմ հիշողությամբ, բավականաչափ հետևողականության չէին արժանանում ԵԺԿ-ի կողմից, եւ նրա առաջնորդած ուժը շարունակում էր վայերել ԵԺԿ անդամի կարգավիճակը։ Չնայած նրան, որ այս ուժի անդամակցությունն, այնուամենայնիվ, առկախվեց, այսպիսի ուժերը ԵԺԿ ընտանիքում, ցավոք, բազմաթիվ են»,- նկատեց Թովմասյանը։

Իսկ ահա ինչ վերաբերում է Հայաստանի անդամներին եւ հարցին, թե այդ որոշումներն ինչպես են կայացվում ԵԺԿ շրջանակներում, մեր զրուցակիցը նշեց, որ երբ բացում ենք անդամակցող կամ ինտեգրվող կուսակցությունների շրջանակը, տեսնում ենք՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»․ սա, ըստ նրա, մեր հանրության համար արդեն իսկ պիտի կարմիր լամպ լինի։ Ընդ որում, Թովմասյանը նկատեց, որ ՀՀԿ իշխանութան տարիներին էլ ժողովրդավարության սկզբունքների եւ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները ոչ մի անգամ չեն արժանացել ԵԺԿ առաջնորդներին եւ ոչ մեկի ուշադրությանը

«Մենք պետք է հասկանանք, որ, փաստորեն, այս կազմակերպության հետ կոմունիկացիոն, լոբբինգային օղակները Հայաստանից տարիներ շարունակ վարել է նախկին իշխանությունը, որը հեռացվեց հեղափոխության միջոցով, ապա ձեւավորվեց նոր կառավարություն։ Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը տվյալ դեպքում Դոնալդ Տուսկի հայտարարության շահագրգիռ կողմերից մեկը կարող է հանդիսանալ։ Այստեղ շատ բարդ տրամաբանություն բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ դրան նախորդած ՀՀ ԱԺ նիստի ժամանակ էլ, երբ Գագիկ Ծառուկյանին պետք է զրկեին պատգամավորական անձեռնմխելիությունից, նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ամբիոնից ակնարկեց, որ իրենք եվրոպայում ընկերներ ունեն, որ իրենց եվրոպական կապերի միջոցով դեռ կպատասխանեն՝ իրենց այսպես վերաբերվելու համար»,- ասաց Թովմասյանը։ 

Նրա խոսքով՝ տրամաբանորեն՝ հաջորդ քայլը եվրոպական կառույցների հետ վարվող կոմունիկացիան է․ ի՞նչ են անում․ տարիներ շարունակ զանազան քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունենում, զրույցներ, եւ այլն․ «Ինքս 2010-2014-2016 թվականներին ներգրավված եմ եղել եվրոպական լիբերալ քաղաքական ընտանիքում եւ պարզ տեսել եմ, թե այնտեղ ինչպես է ձեւավորվում քաղաքական կարծիքը, ինչպես է կատարվում լոբբինգը։ Դա ամենօրյա քրտնաջան կոմունիկացիայի արդյունք պետք է լինի։ Եթե որպես ներհայաստանյան ակտիվիստ, քաղաքական գործիչ՝ շահագրգռված ես, որպեսզի պետության, ժողովրդավարության իրական պատկերը հասկանալի լինի միջազգային գործընկերներին, ապա պետք է վարես քրտնաջան, մանրակրկիտ եւ լավ մտածված կոմունիկացիա»։ 

Եւ սա, մեր զրուցակցի խոսքով, ոչ թե նպատակ ունի այնտեղ մարդկանց որեւիցե բան համոզել, այլ, հաշվի առնելով հանգամանքը, որ մեր մամուլի գերակշիռ մասը չի թարգմանվում կամ միայն ընտրովի թարգամանություն է կատարվում, ձգտում է դրսից նայող մարդուն բացատրել այստեղ տեղի ունեցող զանազան քաղաքական իրողությունների բուն պատճառները, այդ քաղաքական իրողությունների հետեւում կանգնած «մոխրագույն կարդինալների» իսկությունը, եւ, ի վերջո, կարողանալ բացատրել, թե իրականում ինչ էր նախորդել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն։

«Այս ամբողջ ինֆորմացիան ահռելի ծավալներ ունի, եւ մենք միամիտ կլինենք, եթե պատկերացնենք, որ որեւէ միջազգային ակտիվ կազմակերպության գրասենյակում նստած մեկը այնպիսի պարզ եւ հստակ պատկերացում ունի այս ամենի մասին, ինչպես մենք։ Ընդ որում, անգամ մենք ենք հաճախ մեդիամանիպուլյացիաների եւ այլ իրողությունների համատեքստում խճճվում՝ հիմա՞ ինչ տեղի ունեցավ։ Հետո ստիպված ենք լինում ահռելի վերլուծություն անել՝ այս կամ այն հարցի շուրջ անաչառ դիրքորոշում ունենալու համար»։ 

Թովմասյանի կարծիքով՝ մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գուցե այդքան էլ հետեւողական կոմունիկացիա չի վարվել այս կառույցի հետ։ Եւ, հաշվի առնելով կոմունիկացիոն նախկին օղակը, գուցե պետք էր որոշ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի տվյալ կառույցում աշխատող, տվյալ կառույցում Հայաստանով հետաքրքրվող գործընեկերներին դուրս հանեին  մանիպուլյացիոն, ապատեղեկատվության դաշտից, հեռացված իշխանությունների՝ «գուցե վրեժխնդրության, ռեվանշիզմի պատճառով տարածած լուրերի դաշտից»։

Անդրադառնալով նաեւ Դոնալդ Տուսկի անվան շուրջ այս օրերին հնչած կոպիտ հայտարարություններին՝ Թովմասյանը հարկ համարեց նշել, որ Տուսկն առհասարակ Եվրոպայում բարեխիղճ եւ շատ ռացիոնալ քաղաքական գործչի կերպար ունի․

«Իհարկե, գուցե երբ տարիներ առաջ նա Լեհաստանի վարչապետն, այնտեղ կլինեն ընդդիմադիր գործիչներ, որ չեն համաձայնի ինձ հետ, բայց, ամեն դեպքում, ԵՄ առաջնորդ եղած շրջանում էլ նա կշռադատված եւ կառուցողական քաղաքական գործիչ էր, եւ հուսով եմ հետեւողական կլինի իր խոսքից բորբոքված հանգամանքներին տարբեր շրջադարձերի դեպքում։ Ես լիահույս եմ, որ եթե ժամ առաջ համապատասխան, գրագետ ու հետեւողական կոմունիկացիա վարվի, գուցե հնարավոր կլինի նաեւ օգնել, որ այս մի կառույցը հստակ պատկերացում ձեռք բերի, թե մենք ինչ կարեւոր իրողության մեջ ենք, որ սա Հայաստանի իրական, ոչ թե ֆասադային ժողովրդավարության կայացման բարդ, բայց կենսական անհրաժեշտության ճանապարհն է»։

Մեր հարցին՝ հիմա ի՞նչ կարեւորություն կարող ենք տալ Տուսկի հայտարարությանը, այն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ միջազգային հանրության կարծիքի վրա, Թովմասյանն արձագանքեց, որ սա նուրբ եւ զգայուն հարց է․ նախ պետք է հասկակալ՝ ինչ կերպար է Դոնալդ Տուսկը եւ որոշումների վրա ազդեցության ինչ ներուժ ունի նրա հայտարարությունը

«Ինչպես արդեն նշեցինք՝ նա եղել է Լեհաստանի վարչապետը, հետո Եվրախորհրդի նախագահը, հետո ԵԺԿ նախագահը։ Իսկ ԵԺԿ-ն իր հերթին այս պահի դրությամբ Եվրոպական խորհրդարանում եւ ԵԽԽՎ-ում ամենամեծ եւ ազդեցիկ ֆրակցիաներից մեկն է։ Այս առումով, բնականաբար, այս հայտարարության քաղաքական ներուժը բավականին մեծ է, եւ եթե Տուսկի կերպարին նայենք որպես կարծիք ձեւավորող, ապա այս հայտարարությունն անպայման իր հետեւանքներն ունենալու է որոշակի շրջանակներում թերի կարծիքի ձեւավորման առումով։ Ամեն դեպքում՝ ի՞նչ է նշանակում Տուսկի թվիթերում հայտարարությունը՝ եվրոպական քաղաքական ընտանիքների համատեքստում։ Այս ընտանիքներում՝ քրիստոնյա-պահպանողականներ, լիբերալներ, կանաչներ եւ այլն, կուսակցության ընդհանուր դիրքորոշումն արտահայտող քաղաքական որոշումները բավականին բարդ պրոցեսի արդյունքում են կայացվում․ կուսակցությունների ընտանիքի տարեկան համագումարի ժամանակ տեղի է ունենում բանաձեւերի բանավեճը։ Ամենատարբեր ուժերը կարող են ներկայացնել իրենց բանաձեւերի առաջարկները, որից հետո ընդհանուր պատվիրակների ժողովն իրավունք ունի քննարկել, ջնջել բաներ, որոնք գուցե չեն արտահայտելու իրենց դիրքորոշումը, դրանից  հետո քվերակություն, եւ հետո միայն անհրաժեշտ ձայներ հավաքած բանաձեւերը հրապարակվում են որպես տվյալ կառույցի, կազմակերպության քաղաքական կարծիք»։

Տվյալ դեպքում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, մենք բանաձեւի մասին չենք խոսում, այլ ընդամենը կուսակցության ղեկավարի՝ ենթադրյալ հանգամանքների արդյունքում ձեւավորված մտահոգության արտահայտման, որը հետագա զրույցների թեմա պիտի դառնա։ Մտավախությունն այստեղ այն է, որ Տուսկի՝ ամենայն հավանականությամբ ապատեղեկատվությամբ կամ մեզ ոչ տեսանելի այլ դրդապատճառներով պայմանավորված հայտարարությունը մեր կողմից պատշաճ արձագանքի չարժանանալու դեպքում կարող է հիմք հանդիսանալ, որ աշնանային նստաշրջանների եւ համագումարների ընթացքում ԵԺԿ-ի ներսում ավելի կոշտ եւ արդեն ավելի բարձր մակարդակի հայտարարությունների հող նախապատրաստվի․

«Եւ դարձյալ, եթե մեր խորհրդարանական եւ պետական դիվանագիտությանն ինչ-որ կերպ հետաքրքրում է այս ամենը շտկելու հարցը, ապա պետք է անհրաժեշտ հայտարարություններ արվեն, անհրաժեշտ զրույցներ՝ փաստարկ-հակափաստարկ ձեւաչափով, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել սխալ տեղեկության արդյունքում ձեւավորված կարծիքը»,- եզրափակեց Եվա Թովմասյանը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել