Զոհրաբ Մնացականյանը  դասախոսություն է կարդացել ԵՊՀ և Ամերիկյան համալսարանի ուսանողների ու շրջանավարտների համար
19:50 - 20 հունիսի, 2020

Զոհրաբ Մնացականյանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ և Ամերիկյան համալսարանի ուսանողների ու շրջանավարտների համար

Հունիսի 20-ին ԱԳ նախարար, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի նախագահ Զոհրաբ Մնացականյանը հեռահար դասախոսությամբ հանդես եկավ Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար՝  «Հայաստանը և ցեղասպանությունների կանխարգելման քաղաքականությունը» թեմայով:

Դասախոսությամբ ազդարարվեց Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրումը:

Նախարար Մնացականյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին՝ ընդգծելով նմանօրինակ ձևաչափով պարբերական շփումների անցկացման կարևորությունը: Նախարարը հանգամանալից ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից երկու տասնամյակից ավել ձեռնարկվող հետևողական քայլերը: «Հայաստանի դերակատարությունն առավել ընդգծված է այն առումով, որ մենք տարիներ շարունակ որպես միջազգային հանրության անդամ, որպես ՄԱԿ-ի անդամ, ստանձնել ենք հանձնառություն՝ հետևողականորեն առաջ տանելու կանխարգելման նպատակին ուղղված միջազգային համագործակցությունը»։

Կարևորելով վաղ նախազգուշացման և վաղ գործողությունների, համապատասխան կարողությունների ամրապնդումը՝ նախարար Մնացականյանը շեշտեց, որ կանխարգելումը սկսվում է հենց ազգային մակարդակում։ Հենց այս համատեքստում էլ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց ազգային գիտական ներուժի լիարժեք կիրառման և այն ազգային նպատակներին ծառայեցնելու առաջնային նշանակությունը Հայաստանի արտաքին քաղաքականության համար: 

Նախարարը համոզմունք հայտնեց, որ մեր գիտնականները  կկարողանան ապագայում ծանրակշիռ տեղ զբաղեցնել միջազգային վերլուծական համակարգում՝ ներգրավվելով նաև կանխարգելման ուղղությամբ պրակտիկ աշխատանքում: «Մեր աշխատանքը դիվանագիտական և քաղաքական ասպարեզում թերի կմնա, եթե մեր ազգային գիտական ռեսուրսը չհամալրի և չուղղորդի մեր դիվանագիտական և քաղաքական նպատակների ու գործառույթների էությունը»: 

Դասախոսության ընթացում նախարար Մնացականյանը պատասխանեց մասնակիցների՝ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին առնչվող հարցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել