Սպասելիքները թույլ են տալիս վստահաբար ասել, որ տարեվերջում շինարարությունն աճ է արձանագրելու․ Ղուլարյան |armtimes.com|
14:30 - 29 հունիսի, 2020

Սպասելիքները թույլ են տալիս վստահաբար ասել, որ տարեվերջում շինարարությունն աճ է արձանագրելու․ Ղուլարյան |armtimes.com|

armtimes.com: Համավարակով պայմանավորված՝ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերն անկում են արձանագրել։ Ծանր վիճակում է գտնվում մասնավորապես շինարարության ոլորտը։ Այդ է վկայում վերջին ամիսների վիճակագրությունը։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մայիսին 2019-ի մայիսի համեմատ շինարարության ծավալներն ամենամեծ անկումն են գրանցել վիճակագրական ցուցանիշներում՝ 27 տոկոս։ Հունվար-մայիս ամիսների կտրվածքով՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ եւս այս ճյուղն ամենամեծ անկումն է արձանագրել՝ 13.4 տոկոս։ Նախորդ տարվա հունվար-մայիսին ոլորտը 6.1 տոկոսանոց աճ էր արձանագրել։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի կարծիքով՝ շինարարության ոլորտը տարեվերջին անկումային չի լինի, ավելին՝  նա վստահեցրեց, որ ոլորտն արդեն տեմպ է հավաքում։

Արմեն Ղուլարյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

- Պարո՛ն Ղուլարյան, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ շինարարության ոլորտում ամենամեծ անկումն է գրանցվել։ Ե՞րբ կվերականգնվի այն։

- Արդեն բավականին ծրագրեր են կյանքի կոչվել, եւ անզեն աչքով էլ տեսանելի է, որ շինհրապարակներում աշխատանքները մեկնարկել են։ Մենք նույնպես պետական ծրագրերով շինարարության մրցույթների փուլին ենք հասել։ 22 օբյեկտի մրցույթ ենք հայտարարել, որից 20-ը՝ դպրոց, 2-ը՝ առողջապահական նշանակության օբյեկտներ։ Համոզված ենք, որ մինչեւ հուլիսի կես պայմանագրեր կկնքենք, եւ շինարարությունները կսկսվեն, այսինքն՝ շինարարությունը թափ է առնում։

- Շինարարությունը հե՞շտ վերականգնվող ոլորտ է, անկումային վիճակից հետո կհաջողվի՞ արագ խնդիրները կարգավորել։

- Իհարկե, ո՛չ։ Ոլորտը վերականգնելը բարդ է, քանի որ այն կապված է բանվորական ուժի, նյութական ապահովվածության, տեխնիկայի ներգրավվածության, շինանյութի ձեռքբերման հետ, նաեւ ժամանակ է պետք՝ նախապատրաստվելու համար, բայց վարչապետն էլ հայտարարեց, որ շինարարական կազմակերպությունները նախապատրաստվեն՝ մրցույթներին մասնակցելու համար։ Կարող եմ ասել, որ սա բարդ գործընթաց է, բայց երկրի առաջին դեմքից սկսած՝ ամեն ինչ արվում է, որ կարողանանք վերականգնման գործընթացը արագ կազմակերպել։

- Առաջիկայում հիմնականում պետական ծրագրերով շինարարություննե՞ր են սպասվում, թե՞ մասնավոր հատվածից եւս ակտիվություն եք ակնկալում։

- Իհարկե, մասնավորից էլ ենք ակնկալում։ Օրինակ՝ Կառավարության որոշմամբ՝ մասնավոր ներդրողը Երեւանի Ադոնցի 19/8 հասցեում հանրային ծառայողների համար բազմաբնակարան բնակելի շենքային համալիր է կառուցելու։ Կառուցապատողը շինթույլտվությունները ստացել է քաղաքապետարանից, շինարարությունն արդեն ընթանում է։ Բնակարանային ապահովության հարցով արդեն երկրորդ ծրագիրն ենք ներկայացրել Կառավարությանը։

Կարծում եմ՝ դա եւս առաջիկայում կշտկվի եւ կշրջանառվի։ Այդ ծրագիրն այլ կառուցապատողից է։ Կան նաեւ այլ ներդրումային ծրագրեր, ներդրողները դիմում են մեզ, համալիր ուսումնասիրության փուլ են անցնում, թույլտվություն են ստանում, եւ սկսվում է շինարարությունը։ Համավարակի պատճառով մի քիչ հետ ենք ընկել, բայց 2-րդ կիսամյակը կլինի շատ ակտիվ վերականգնման փուլ։

- 2020 թվականի տարեկան արդյունքներով շինարարության ոլորտում կհաջողվի՞ աճ արձանագրել, ի՞նչ եք կանխատեսում։

- Սպասելիքները թույլ են տալիս վստահաբար ասել՝ այո՛։ Ես համոզված եմ, որ ոլորտային առումով համեմատության մեջ շինարարությունը աճ է արձանագրելու։ Շինարարությունը միշտ լոկոմոտիվային դեր է ունեցել եւ մյուս ճյուղերին իր հետեւից տարել է։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել