Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարի ազատազրկման. մեկն ազատվեց պատժի կրումից |armtimes.com|
14:09 - 27 հուլիսի, 2020

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարի ազատազրկման. մեկն ազատվեց պատժի կրումից |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալներ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը դատապարտվեցին 12 տարի ազատազրկման. Աթաջանյանը հիվանդության հիմքով ազատվեց պատիժը կրելուց, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց, իսկ Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը Հենրիկ Ավագյանին մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածով նախատեսված հանցագործության՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի մեջ, իսկ Գարեն Աթաջանյանին՝ ՀՀ ՔՕ 235-րդ եւ ՀՀ ՔՕ 38-34-104-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության՝ ապօրինի զենք-զինամթերքի եւ սպանության փորձին օժանդակելու մեջ:

Գործով մեղադրող դատախազը ճառերի փուլում դատարանին միջնորդել էր ամբաստանյալներին դատապարտել հենց 12 տարի ազատազրկման:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ մեղադրական դատավճիռ այս դատարանից սպասելի էր. «Ես անձամբ կուզեմ բողոքարկել, քանի որ այս գործով շատ ջանք ներդրեցի, որ արդարացման դատավճիռ լիներ, եւ ամեն ինչ տանում էր դրան, սակայն այս դատարանից, այս դատավորից սպասելի էր նման դատավճիռ, տեսնենք՝ իրենք ինչ կորոշեն»:

Գործը Նապոլեոն Օհանյանին մակագրվելուց հետո պաշտպանական կողմը նրան ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սուրիկ Խաչատրյանը երկար տարիներ մարզպետ է աշխատել Սյունիքում, եւ կան ողջամիտ կասկածներ, որ դատավորի հետ որոշակի կապեր ունի: Միջնորդությունը, սակայն, մերժվել էր:

Հենրիկ Ավագյանի պաշտպան Լիանա Գրիգորյանն էլ մեր զրույցում եւս հավանական համարեց դատավճռի հետագա բողոքարկումը. «Միանշանանակ կբողոքարկենք, դատավճիռը ստանալուց եւ ծանոթանալուց հետո ավելի հստակ կասենք»:

Պաշտպանական ճառով հանդես գալիս Գրիգորյանը միջնորդել էր իր պաշտպանյալին առաջադրված սպանության փորձի մեղադրանքը վերաորակել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքով: Մեր հարցին՝ այսինքն այդ միջնորդությունը մերժվե՞լ է, պաշտպանը պատասխանեց. «Դատավճիռը դեռ չունեմ, եզրափակիչն մասն է միայն հրապարկվել, ուստի չեմ կարող ասել՝ ինչ են պատճառաբանել վերաորակման հետ կապված»:

Հենրիկ Ավագյանը պահվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Նրա նկատմամբ ապօրինի զենք-զինամթերքի հետապնդումը վերջերս դադարեցվել էր վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Հիշեցնենք՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակոցներ էին արձակվել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ: 

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել