Ադրբեջանի կորուստները՝ դրամական արտահայտությամբ
12:15 - 06 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի կորուստները՝ դրամական արտահայտությամբ

Մեկ շաբաթից ավելի է՝ արցախա-ադրբեջանական սահմանին շարունակվում են Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունները, որոնց ընթացքում թշնամին ունեցել է ոչ միայն 3000-ն անցնող մարդկային, այլեւ միլիարդ դոլարն անցնող սպառազինության կորուստ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ հակառակորդի ընթացիկ կորուստները հետեւյալն են․ 126 անօդաչու թռչող սարք, 16 ուղղաթիռ, 379 զրահատեխնիկա, 17 ինքնաթիռ, 4 «Սմերչ», 3500-ի հասնող զոհ։ Քանի որ օրվա ընթացքում ադրբեջանցիների խոցված տեխնիկայի թվերն ավելանում են, ստորեւ ներկայացնում ենք մինչեւ այս պահը կորցրած սպառազինության ընդհանուր մոտավոր արժեքը։

Այսպես, սեպտեմբերի 27-ից՝ էսկալացիայի առաջին օրվանից մինչ օրս թշնամին կորցրել է 4 հատ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որից յուրաքանչյուրն արժե մոտ 12,5 միլիոն ԱՄՆ դոլար, հետեւաբար միասին՝ մոտ 50 միլիոն դոլար։ Ընդ որում՝ այս համակարգերից միայն երեքը խոցվել են հոկտեմբերի 3-ին։

Հակառակորդի կորուստների թվում է նաեւ մեկ այլ տեսակի համազարկային ռեակտիվ կայանք՝ «Ուրագան»։ Հայկական ԶՈՒ-երի ստորաբաժանումներն այս տեխնիկայից խոցել են մեկ հատ։ «Ուրագան»-ի արժեքը հասնում է 8-9 միլիոն դոլարի, իսկ մոդիֆիկացված տարբերակը՝ մինչեւ 12 միլիոն դոլարի։ Այս հաշվարկում մենք կդիտարկենք չմոդիֆիկացվածի համար նախատեսված նվազագույն գինը։

Հակառակորդի՝ մինչ այս պահը կորցրած անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը 126 է։ Էսկալացիայի առաջին օրվանից մինչ օրս ՊԲ զինված ուժերը խոցել են ադրբեջանցիների կիրառած՝ իսրայելական արտադրության Harop տեսակի հետախուզական-հարվածային երկու ԱԹՍ, որոնցից յուրաքանչյուրն արժե մոտ 4 մլն դոլար, Orbiter 1K հարվածային ԱԹՍ, որոնց գինը հասնում է ընդհուպ 6 միլիոն դոլարի։ ՀՀ եւ ՊԲ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են նաեւ հակառակորդի այլ հարվածային եւ հետախուզական անօդաչուներ, որոնցից ամենասովորականների միջին արժեքը, ինչպես նշված է բաց աղբյուներում եւ ինչպես հավաստում են ռազմական փորձագետները՝ 250-300 հազար դոլար է։ Երկու Harop-ն, այսպիսով, մոտ 8 մլն դոլար արժեն, գումարած՝ նվազագույն հաշվարկով 124 մնացյալ սարքերի ընդհանուր արժեքը՝ 37,200,000 մլն, եթե յուրաքանչյուրի գինը դիտարկենք 300,000 դոլար։ Կորցրած անօդաչուների ընդհանուր մոտավոր արժեքը, փաստորեն, 45,200,000 դոլարի է հասնում։

Harop ԱԹՍ-ն, լուսանկարը՝ Ջուլիան Հերցոգի, 2013

Նշենք, որ Ադրբեջանի սպառազինության մեջ կան նաեւ թուրքական արտադրության Bayraktar TB2՝ շուրջ 5 միլիոն դոլարի հասնող ԱԹՍ-ներ, որոնք հակառակորդն այս ընթացքում պարբերաբար օդ է բարձրացրել։ Դրանց խոցվելու մասին դեռեւս տեղեկություն չկա։ Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ թուրքական այս Բայրակթարները արցախա-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական սահմանին փոխկապակցված աշխատում են թուրքական F-16 կործանիչների հետ։


Bayraktar TB2

Լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը կորցրել է 379 զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր, ՏՕՍ-եր, եւ այլն: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական T90, T72 տեսակի տանկեր, БМП-2 (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 30 БМП), БТР-82а տեսակի զրահատեխնիկա, 3 հատ ТОС-1 «Սոլնցեպեկ» հրետանային համակարգ, եւ այլն։

Մասնավորապես, ըստ բաց աղբյուրների, T90-ի արժեքը հասնում է մինչեւ 4 մլնի, իսկ T72-ը՝ մինչեւ 6 հարյուր հազար դոլարի, БМП-2-ը՝ մոտ 200 հազար դոլարի, БТР-82а-ն՝ մինչեւ 1,5 միլիոնի։ Փաստացի, եթե որպես միջին թիվ ընդունենք 2 միլիոնը, ապա հակառակորդի կորցրած զրահատեխնիկայի ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 692 միլիոն դոլար՝ առանց БМП-ների եւ ТОС-1-երի արժեքի:

Խոցված 30 БМП-ների մոտավոր գինն էլ հասնում է 6 մլնի, եթե դիտարկենք, որ դրանցից յուրաքանչյուրը 200 հազար դոլար է։

3 ТОС-1 «Սոլնցեպեկ» համակարգերից յուրաքանչյուրն արժե 4-6 մլն դոլար։ Երեքը միասին՝ մոտ 15 մլն դոլար, եթե յուրաքանչյուրը դիտարկենք 5 մլն։

Այս օրերի ընթացքում ադրբեջանցիների կորցրած ուղղաթիռների թիվը 16 է, որոնց թվում են եղել հարվածային Ми-24-ներ։ Մեր զրույցում ռազմական փորձագետը նշեց, որ ամենահասարակ ռազմական ուղղաթիռի արժեքը 2-3 միլիոն դոլար է։ Սրանց գները կարելի է գտնել նաեւ համացանցի բաց աղբյուրներում։ Իսկ Ми-24-ներն արժեն ավելի թանկ, սրանց մոդեռնիզացված տարբերակները հասնում են ընդհուպ 18 միլիոնի։ Յուրաքանչյուրը 3 մլն դոլարով հաշվելու պարագայում ստացվում է՝ հակառակորդի կորցրած ուղղաթիռների ընդհանուր գինը հասնում է 48 մլն դոլարի։

Հակառակորդի խոցված ինքնաթիռների թիվը, ինչպես նշեցինք, 17 է։ Խոցված ինքնաթիռների թվում են նաեւ Су-25 մինչձայնային գրոհիչները։ Սրանց գինը հասնում է 15 միլիոն դոլարի։ Ռազմական փորձագետի հայտնած տվյալներից եւ բաց աղբյուներից տեղեկանում ենք, որ ամենահասարակ ռազմական ինքնաթիռները, որոնք կան Ադրբեջանի սպառազինության մետ, արժեն 10-15 միլիոն դոլար։ Ըստ այդմ, հակառակորդի կորցրած 17 ինքնաթիռների ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 221,000,000 ԱՄՆ դոլար, եթե հաշվենք յուրաքանչյուրի համար 13 մլն։ 

Հարկ է շեշտել, որեւէ աղբյուրից հնարավոր չէ հստակ իմանալ՝ որեւէ պետություն, այս պարագայում՝ Ադրբեջանը, իր սպառազինությունն ինչ գնով է ձեռք բերում։ Այդ իսկ պատճառով, ինչպես նշեցինք, դիտարկել ենք յուրաքանչյուր տեխնիկայի մոտավոր արժեքը։ Ըստ այդմ՝ արցախա-ադրբեջանական սահմանին իննօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը կորցրել է ավելի քան 1,085,200,000 դոլարի սպառազինություն։

Հավելենք նաեւ, որ հոկտեմբերի 4-ին հայկական ԶՈՒ ստորաբաժանումները հարվածել են Գյանջայի՝ պատմական Գանձակի ռազմական օդանավակայանին, որտեղ տեւական ժամանակ գտնվել են թուրքական F-16 կործանիչները ու ռազմական գործողությունների ժամանակ գործել են հենց այդտեղից։ Այս կործանիչներն Ադրբեջան էին բերվել թուրք-ադրբեջանական զորավարժություններին մասնակցելու պատրվակով, սակայն դրանց ավարտից հետո էլ մնացել էին Ադրբեջանում: Այժմ պաշտոնական տեղեկություն չկա՝ ՀՀ ԶՈՒ-երի երեկվա հարվածի ժամանակ այդ կործանիչները եղել են օդանավակայո՞ւմ, թե՞ ոչ։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել