Պեսկովը չի բացառել, որ Պուտինը Ղարաբաղի պատերազմը կարող է քննարկել Էրդողանի ու Ալիևի հետ |civilnet.am|
16:14 - 05 հոկտեմբերի, 2020

Պեսկովը չի բացառել, որ Պուտինը Ղարաբաղի պատերազմը կարող է քննարկել Էրդողանի ու Ալիևի հետ |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով աշխատանքային շփումների պակաս չունի ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ, երկխոսությունն իրականացվում է մշտապես և բարձր մակարդակով, իսկ պետությունների ղեկավարների հեռախոսային շփումներն անմիջականորեն կախված են նրանց աշխատանքային գրաֆիկներից և նպատակահարմարությունից․ այս մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Դա կախված է նախագահների աշխատանքային գրաֆիկներից և նպատակահարմարությունից։ Դուք գիտեք, որ դա ամենևին էլ չի նշանակում, որ ռուսական կողմը ինչ-որ պակաս է զգում աշխատանքային շփումների»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում պատերազմի բռնկումից ի վեր երեք անգամ հարցը քննարկել է (հեռախոսազրույց է ունեցել) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բայց ոչ մի անգամ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հետ։

Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մշտական կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի իր գործընկերների հետ:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ պլաններ չունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով, սակայն տարածաշրջանում պատերազմ է ընթանում, և իրադարձությունները զարգանում են արագ, ուստի դժվար է գուշակել»,- ասել է Պեսկովը։

«Եթե դա անհրաժեշտ համարվի, ոչ մի կասկած չկա, նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման իր պաշտոնակիցների հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում բարձր մակարդակով բանակցություններ ծրագրվո՞ւմ են Ալիևի կամ Էրդողանի հետ:

Հարցին, թե կարելի է նման բանակցություններ ակնկալել այս շաբաթ, Պեսկովը պատասխանել է. «Առայժմ նման հստակ ծրագրեր չկան»:

«Բայց դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է։ Եվ, իհարկե, պատերազմի ժամանակ,- այնտեղ, Ղարաբաղում իրավիճակը զարգանում է արագ, այնպես որ այստեղ դժվար է գուշակություններ անել։ Կախված նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձևավորվեն նաև երկխոսության պահանջները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել