Այս հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ. պատգամավորը՝ հայ ռազմագերիների սպանության մասին

 |armenpress.am|
22:09 - 15 հոկտեմբերի, 2020

Այս հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ. պատգամավորը՝ հայ ռազմագերիների սպանության մասին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու վերաբերյալ տեսանյութը փաստում է այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը կատարում պատերազմական հանցագործություններ և տուրք տալիս ահաբեկչական գործություններին: Նման կարծիք հայտնեց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նախ հիշեցրեց Ադրբեջանի իշխանություններին, որ գերեվարված անձը պետության իրավազորության ներքո է և այդ անձանց հետ տեղի ունեցող ցանկացած արարքի համար պատասխանատվություն է կրում տվյալ երկիրը:

«Տվյալ  պարագայում պատասխանատվություն է կրում Ադրբեջանի Հանրապետությունը և այն անձինք, ովքեր հանցագործություն են կատարում, և  ինքը` պետությունը, պետք է ենթարկվի պատասխանատվության նման արարքների համար»,- ընդգծեց Վարդանյանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով` առաջին տեսանյութը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ գերեվարության  մեջ գտնվող անձինք դադարեցրել են դիմադրությունը թշնամական որևէ գործողություններ չեն իրականացնում: Նրա խոսքով` առաջին տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանց ստիպում  հանել իրենց վերնահագուստը, երկրորդ` նրանց նստեցնում են ճանապարհի եզրին:

«Սա ոչ թե սոսկ գերեվարված անձանց սպանություն է, ինչն ինքնին դատապարտելի է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով և դիտարկվում է որպես ռազմական հանցագործություն, սա այսպես կոչված կոլեկտիվ  հաշվեհարդար տեսնելն է կամ կոլեկտիվ պատիժ իրականացնելու փորձ է: Անձինք առանց դատի և դատավարության, դեմոնստրատիվ, ձեռքերը կապված ռազմագերիներին նստեցնում են ճանապարհի եզրին, նրանց ուսերին գծում են Հայաստանի Հանրապետության դրոշը, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծեն իրենց գործողությունների ահաբեկչական բնույթը և դրանից հետո համապատասխան հրամանով հրազենով արձակում են բազում գնդակներ, որի հետևանքով գերեվարված անձինք մահանում են : Ընդ որում, մահանալուց հետո  դիակների նկատմամբ  վատ վերաբերմունքը, հարվածները շարունակվում են»,- շեշտեց Վարդանյանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարծիքով` սրանից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից վկայակոչել որևիցե միջազգային մարմնի որևիցե փաստաթուղթ պարզապես անբարոյականություն է:

«Սա կանոնների խախտում է, որոնք գոյություն են ունեցել ոչ թե ՄԱԿ-ի ստեղծման ընթացքում, սա պատերազմի օրենքներն ու սովորույթներն են , որոնք հայտնի են համաշխարհային հանրությանը դեռևս անտիկ ժամանակաշրջանում:

Սա դասական ռազմական հանցագործություն է,որի համար չկա ոչ տարածաշրջանային սահմաններ: Այդ հանցագործություն կատարող անձինք կարող են ենթարկվել պատասխանատվության ցանկացած երկրում և այդ հանցագործությունների նկատմամբ չեն կիրառվում վաղեմության որևէ ժամկետներ: Հետևաբար, այդ անձինք երբ էլ հայտնաբերվեն, ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- եզրափակեց Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել