Թուրքիայում քրեական հետապնդում են սկսել Charlie Hebdo-ի նկատմամբ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով |azatutyun.am|
16:20 - 28 հոկտեմբերի, 2020

Թուրքիայում քրեական հետապնդում են սկսել Charlie Hebdo-ի նկատմամբ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով |azatutyun.am|

azatutyun.am: Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրակազմի նկատմամբ թուրքական Քրեական օրենսգրքի 12-րդ, 13-րդ և 299-րդ հոդվածների հիման վրա, այն է՝ նախագահին վիրավորելու համար: Դատախազությունը նախագահի հասցեին անարգանք է համարել ամսագրի վերջին համարի շապիկին հայտնված՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող ծաղրանկարը:

Թուրքիայի նախագահն այսօր հայտարարել է, թե նույնիսկ ուշադրության չի արժանացրել «նման անբարո և ստոր հրապարակումը»: Էրդողանի պնդմամբ՝ «իսլամի և մահմեդականության հանդեպ ատելությունը, Մուհամեդ մարգարեին ուղղված անարգանքը եվրոպացի առաջնորդների շրջանում քաղցկեղի նման տարածում է գտել»: «Մեր սիրելի մարգարեի նկատմամբ հարձակումներին դիմակայելը պատվի հարց է», - ասել է նա:

Միաժամանակ, պաշտոնական Անկարայից խիստ արձագանքներ են հնչել Թուրքիայի նախագահին պատկերող ծաղրանկարի առնչությամբ: Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը, նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը դատապարտել են ծաղրանկարի հեղինակներին՝ պնդելով, թե «այն ոչ թե խոսքի ազատության դրսևորում է, այլ լուտանք կրոնական արժեքների և սրբությունների նկատմամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել