hetq.am: Զրույց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի հետ
-ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների հայտարարության համաձայն՝ Արցախի Աղդամի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջաններն անցնելու են Ադրբեջանին: Այդ շրջաններում մինչև 500-700 արժեքավոր հուշարձան կա: Դրանք հայտնվելու են այն մարդկանց միջավայրում, որոնք Նախիջևանում ոչնչացրեցին հայկական մշակութային ներկայության բոլոր հետքերը: ՙԶինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին՚ կոնվենցիան ենթադրում է մշակութային արժեքների միջազգային պահպանություն: Դիմե՞լ եք միջազգային գործընկերներին՝ հնարավոր վանդալիզմը կանխելու ակնկալիքով:
-Հայկական Արցախի տարածքում գույքագրված է մոտ 5000 հուշարձան: Դրանց լուսանկարները, մեծ մասամբ, կան: Այս գործը կազմակերպել է թե՜ Արցախի Մշակույթի նախարարությունը, թե՜ լուսահոգի Սամվել Կարապետյանի ղեկավարած «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ը: Հիմա հարցն այն է, թե իրականում այդ հուշարձաններն ինչպե՞ս կպահպանվեն: Այս պահին հուշարձանների անվտանգությունն ապահովող մեխանիզմներ չկան, քանի որ այն հայտարարությունը, որը ստորագրվել է, չի նշում կամ դրան կից որևէ իրավական այլ ակտ, պայմանագիր չկա, որտեղ նշված կլինեն մեխանիզմները, կողմերի պարտավորությունները և իրավունքները: Դա չկա, և շատ անհասկանալի իրավիճակ է՝ ի վերջո, մարդիկ ինչպե՞ս են տարհանվելու, ո՞վ է փոխհատուցելու այս մարդկանց , ինչպե՞ս են մշակութային արժեքները, որոնք անշարժ հուշարձաններ են, մնալու այնտեղ և ի՞նչ ճակատագիր է դրանց սպասվում: Հատկապես, որ ունենք Նախիջևանի օրինակը: Միակ բանը, որը շատ հիպոթետիկ կարող է թշնամուն ետ պահել մշակութային բարբարոսությունից, միջազգային կոնվենցիաներն են, որոնց նրանք ևս միացել են: Բայց ի՞նչ կոնվենցիա, ի՞նչ բան, ինչի՞ մասին ենք հիմա խոսում: Այս պահին մեր մշակութային կոթողների պահպանության որևէ երաշխիք չկա, և չկա որևէ մեխանիզմ՝ այդ երաշխիքներն ունենալու:
- Միջազգային կառույցների արձագանքին թեև սպասում ենք, բայց և հասկանալի է, որ գործնականում կանխել վանդալիզմը նրանք չեն կարող: 2015-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայում և Իրաքում ոչնչացրեցին Մոսուլի կենտրոնական գրադարանը, քրիստոնեական գերեզմանները, Իրաքում հնագույն Խատրա քաղաքի ավերակները, Սիրիական Դերաա քաղաքի ալ Օմարի մզկիթը: Աշխարհը ախուվախ արեց, և վերջ:
- Մեր հայրենիքի մի մասն անցավ մեր թշնամուն, և իրավատերը նրանք են: Եվ հուշարձաններն էլ, բնականաբար, համարվելու են նրանց ինքնիշխան տարածքի հուշարձաններ: Ըստ կոնվենցիաների՝ նրանք պիտի պարտավորություններ ունենան: Պարտավորությունները թղթի վրա գրված բաներ են, բայց կյանքը բացարձակ այլ բան է ցույց տալիս: Գործում է Հաագայի կոնվենցիան «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին», որը հորդորում է զինված բախումների ժամանակ դիտավորությամբ չվնասել հուշարձանները: Բայց չճանաչված էր մեր հայրենիքի այդ հատվածը, և սա չէր ներառված, թեև մենք առաջարկել ենք, որ հատուկ բանաձև ընդունվի աշխարհում չճանաչված պետությունների մշակութային ժառանգության պահպանության մասին: Բայց դեռ ոչինչ չկա:
- Արցախը չճանաչված պետություն է, բայց անգամ ճանաչված տարածքներում արժեքավոր հուշարձանները ոչնչացվում են: 1998թ.-ից ՀՀ ԱԳՆ-ն դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ահազանգելով Ջուղայի խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացման մասին: Սակայն 2005-2006-ին Ջուղայի հայկական գերեզմանոցի 9-16-րդ դարերի խաչքարերը շինտեխնիկայի միջոցով ոչնչացվեցին:
- Նախիջևանը կոնկրետ պետության տարածքի մաս է համարվում: Միջազգային արձագանք, ասենք, եղավ: Հետո՞ ինչ: Ո՞վ ինչ պատասխանատվություն կրեց: Միջազգային կառույցների սրտաճմլիկ արձագանքներն անիմաստ են, եթե կոնկրետ գործողություններ չեն հաջորդում վանդալիզմի դեպքերին:
-Հայաստանում, ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալների, կա ադրբեջանական 69 գերեզմանատուն, 52-ն էլ՝ Արցախի Հանրապետության տարածքում: Դրանք, քիչ բացառություններով, հիմնականում պահպանված են կամ եթե պահպանված էլ չեն, սողանքների կամ առանց խնամքի մնալու պատճառով:
-Մենք քաղաքակրթական բացարձակ այլ ծագում ունենք և այլ ճանապարհ ենք անցել, այսինքն՝ մեզ պետք չի համեմատել տափաստաններից եկած բարբարոսների հետ, ինչքան էլ նրանք պետություն ունեն: Մենք ունենք ժառանգաբար մեզ անցած մշակույթ: Ովքեր մշակույթ չունեն և քաղաքակրթությունից դուրս են, ունեն խանդ ու ատելություն՝ մշակութային մեծ ճանապարհ ու ժառանգություն ունեցող ազգերի հանդեպ:
Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
comment.count (0)