Պաշտպանության նախարարի հայտնի թեզից փաստորեն շատ լավ օգտվեց միայն թշնամին. Անդրանիկ Քոչարյանը կրկին քննադատեց Տոնոյանին |armtimes.com|
17:38 - 17 նոյեմբերի, 2020

Պաշտպանության նախարարի հայտնի թեզից փաստորեն շատ լավ օգտվեց միայն թշնամին. Անդրանիկ Քոչարյանը կրկին քննադատեց Տոնոյանին |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր կրկին հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի քննադատությամբ:

Բայց նախ, նա առանց որեւէ մեկի անունը տալու հայտարարեց, որ հրաժարակների ինստիտուտը շատ կարեւոր ինստիտուտ է ցանկացած բեւեռացում լիցքաթափելու համար, եւ պատասխանատվության որոշակի պաշար իրականացնելու համար: Ըստ նրա, պաշտոնյան ինքը պետք է գիտակցի իր հրաժարականի արժեքը եւ իր կատարած աշխատանքի արդյունքները, եթե ինքը չի գիտակցում եւ թողնում է, որ իրեն հանեն աշխատանքից՝ դրանով պրոբլեմ է ստեղծում պետության համար:

«Նոր պատերազմ նոր տարածքների դիմաց». Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այս հայտնի թեզը հնչեցնելով Քոչարյանը հայտարարեց. «Պաշտպանության նախարարի այս հայտնի թեզից փաստորեն շատ լավ օգտվեց միայն թշնամին: 44- օրյա պատերազմից հետո երկար տարիների ընթացքում մեր երկրում ձեւավորված անվտանգային համակարգը քայքայվեց»:

Այնուհետեւ անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին՝ պատգամավորն ասաց, որ այդ ժամանակ թշնամին ցույց տվեց, որ չի պատրաստվում խաղաղ ճանապարհով լուծել հարցը: Իսկ արդեն պատերազմից հետո, ըստ Քոչարյանի, փոխանակ իրականության հետ առերեսվելու, ստացած դասերը քաղելու եւ բանակը ուժեղացնելու, չգիտակցելով պատերազմի քաղաքական հետեւանքները՝ այն ժամանակվա Զինված ուժերի կոռումպացված ղեկավարությունը պնդում էր, որ մենք հաղթել ենք:

Ապա անցնելով գլխավոր շտաբի քննադատությանը՝ պատգամավորը նշեց, որ այն անընդունակ է եղել պատերազմը կանխատեսել, պլանավորել, ապահովել ու ղեկավարել, Պաշտպանության նախարարությունը աննպատակ, չհիմնավորված ու կասկածելի գնումներ է արել, ինչպիսիք են պատերազմի ընթացքում չօգտագործված ՍՈՒ-30-ները, պատերազմի համար անհրաժեշտ գնումներ չեն արվել, ինչպիսիք են օրինակ զրահաբաճկոնները եւ սաղավարտները, տապալվել է զորահավաքը: Եվ այս ամենի հետեւանքով, ըստ Քոչարյանի, ստեղծվել է այս իրավիճակը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել