ՀՀ մի շարք մարզերում հաշվառված տնակային շինությունների հետ կապված մշակվում է ճանապարհային քարտեզ |armenpress.am|
16:06 - 07 դեկտեմբերի, 2020

ՀՀ մի շարք մարզերում հաշվառված տնակային շինությունների հետ կապված մշակվում է ճանապարհային քարտեզ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում հաշվառվել է 7 հազարից ավելի ոչ հիմնական տնակային շինություն: Փաստագրվել են ոչ միայն շինություններն՝ ըստ տեսակների, այլև հստակեցվել են դրանցում բնակվող ընտանիքների խմբերն՝ ընդհանուր գծերով: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ ուսումնասիրությամբ պարզվել է` նրանց շրջանում կան ինչպես անօթևան, այնպես էլ ոչ անօթևան ընտանիքներ: Արձանագրվեց նաև այն, որ այդ տնակներից ոչ բոլորն են օգտագոծվում բնակության նպատակով: Ուսումնսաիրությունների արդյունքում ՀՀ կառավարությանը ներկայացվել է առաջարկության փաթեթ: 

«Դրան հաջորդել են իրավական աշխատանքները: Տնակային շինությունների հետ կապված ցանկացած ծրագիր, որ մեկնարկեինք, պետք է ՀՀ կառավարությունն ունենար լիազորություն, որպեսզի կարողանար պահանջ ներկայացնել տնակի ազատաման, վերաբնակեցման հետ կապված: Արդարադատության նախարարության կողմից մշակվեց համապատասխան որոշման նախագիծ՝ կապված ընթացակարգերի հետ»,-ասաց Տանյա Արզումանյանը:

Դրան հաջորդեց մեկ այլ աշխատանքային խմբի գործունեություն: Առաջադրված էր մշակել մեթոդաբանություն տնակային շինությունների առնչությամբ արդեն հավաքագրված տվյալների առնչությամբ: Դա հնարավորություն կտա հայտնաբերել ավելի կրիտիկական վիճակում ընտանիքի և որոշակի առաջնահերթություններ սահմանել՝ տարբերակելով պետական հողի վրա, համայնքային հողի վրա գտնվող տնակները: 

Տանյա Արզումանյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 24-ին վարչապետի մեկ այլ որոշմամբ նոր խնդիրներ են առաջադրվել: Մասնավորապես, մշակել անելիքների ճանապարհային քարտեզ: Ներկայում այն իրականացման փուլում է գտնվում: Ճանապարհային քարտեզի ընդհանուր համաձայնեցման տարբերակ ունենալուց հետո, արդեն կմեկնարկեն բուն աշխատանքները:

«Ասեմ, որ այս ուղղությամբ այդ աշխատանքները ոչ մի րոպե չեն դադարել: Թեև դեռևս քաղաքացու  մաշկի վրա տեսանելի արդյունք չի արձանագրվել, սակայն դա չի նշանակում, որ աշխատանք չի արվել: Կան ընթացակարգային փուլեր, որոնք նախ պետք է անցնել, մինչև բուն աշխատանքները» ,-ասաց Տանյա Արզումանյանը: Նա ընդգծեց, որ աշխատանքային քննարկումների նախնական առաջարկները խոսում են այն մասին, որ կախված ընտանիքների կարգավիճակից մոտեցումները տարբեր են լինելու: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել