Ապաստարանների առկայությունը պարտադիր. Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է նոր նորմերի մշակման գործընթաց  |armenpress.am|
09:44 - 09 դեկտեմբերի, 2020

Ապաստարանների առկայությունը պարտադիր. Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է նոր նորմերի մշակման գործընթաց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է ապաստարանների նորմերի մշակման գործընթաց, որով նոր շենքերի կառուցման, վերակառուցման ժամանակ ապաստարանների առկայությունը լինելու է պարտադիր: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզաննա Ադամյանը տեղեկացրեց, որ գործընթացը սկսվել է ընթացիկ տարվա հունիսից: Եղան քննարկումներ մի շարք նախագծային կազմակերպությունների հետ՝ հստակեցնելու, թե ինչպես կարող են ունենալ այդ նորմերի ամբողջական փաթեթը: Նորմերի մշակման համար մրցութային գործընթաց պետք է իրականացվեր, սակայն այդ ժամանակ սկսվեց պատերազմը:

Չնայած դրան, կոմիտեի, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների քննարկումների արդյունքում, որոշում կայացվեց, որ շատ արագ առաջադրանքը կազմվի, տրվի համաձայնեցման և պատրաստվի գնման հայտը: Մրցույթը կայացել է, հաղթող նախագծային կազմակերպությունը հայտնի է, պայմանագիրը կնքված է: Նախագծման աշխատանքների ֆինանսավորման համար կոմիտեն առաջիկայում կդիմի կառավարությանը: 

«Սա առաջին կարևոր բացն է, որը պետք է արագ լրացնել: Հիմա նախաձեռնել ենք այս գործընթացը: Պետք է անպայման հետամուտ լինենք, որ նորմերը մշակվեն: Պարտադիր պահանջներ են սահմանվում հատկապես նոր կառուցվող շենքերի համար, որտեղ ճարտարապետահատակագծային առաջադրանքն առանց ապաստարանի չի կարող հաստատվել: Այսինքն՝ շենք ես ուզում կառուցել, դու պետք է նախատեսես այնպիսի պայմաններ քո նկուղային կամ կիսանկուղային հարկաբաժիններում, որոնք շատ արագ կարող են վերածվել ապաստարանների: Այսինքն՝ լինեն ճկուն»,-ասաց Ռուզաննա Ադամյանը: 

Նախագծող կազմակերպությունը մշակելու է վերակառուցվող և կառուցվող շենքերի ու շինությունների համար ապաստարանների տեղակայման նորմեր՝ վերազինման, համալրման, կահավորման, պատերի հաստության, ազդանշանային, հակահրդեհային համակարգերի և այլ հարցերի հետ կապված:  

Արդյո՞ք այդ նորմերը հետադարձ ուժ կունենան. Ռուզաննա Ադամյանը նշեց, որ ընդգծել են վերակառուցվող շենքերի պահը: Շենքեր կան, որոնք ամրացման խնդիր ունեն, ինչը ենթադրում է տեխնիկական մեծ միջոցառումներ: Ահա, արդեն կառուցված շենքի  ամրացման շրջանակում էլ ապաստարանների այդ նորմը կիրառվելու է: Անդրադառնալով խորհրդային տարիների շենքերին՝ Ռուզաննա Ադամյանը նկատեց, որ դրանց մեծ մասը համալրված են եղել նկուղային հատվածներով: Նկուղների մի մասը վերազինման պարագայում կարող է իր նպատակին ծառայել:

Ինչու է նշվում մի մասը, որովհետև բազմաթիվ նկուղներ ժամանակին վաճառվել են, մասնավորացվել են, դարձել են առևտրի կենտրոն, պահեստ, ավտոտնակ: Ռուզաննա Ադամյանը նշեց, որ նկուղը պետք է ծառայի և՛ որպես կայունության գործիք, և՛ թաքստոց, և՛ ապաստարան: Իրավիճակային ամբողջական պատկերն ունենալու համար անհրաժեշտ է գույքագրել ամբողջ բնակելի ֆոնդը: 

Նորմերը մշակվելուց հետո բոլոր համապատասխան կառույցներին փաթեթը փոխանցվում է համաձայնեցման: Դիտողությունների հետ կապված կատարվում է լրամշակում, եթե դրա կարիքը կա: Վերջնական փուլում ուղարկվում է Արդադատության նախարարություն փորձագիտական եզրակացության համար: Եթե կա դիտողություն, ապա դա նույնպես վերանայվում է, այնուհետև կոմիտեի նախագահի հրամանով այն հաստատվում է ու հրապարակվում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել