Ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն ուղարկել. Գորգիսյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին |news.am|
15:38 - 25 հունվարի, 2021

Ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն ուղարկել. Գորգիսյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին |news.am|

news.am: Արդեն սովորել եմ ոչ մի տրամաբանություն չփնտրել իշխանության արած որևէ քայլում, չփնտրեմ կապ իրողությունների, առկա խնդիրների ու նրանց կատարած քայլերի մեջ, որովհետև դրանք կրկին կապ չունեն իրար հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելուն։

«Ցավոք, մենք ականատես ենք լինում այն նույն հին ու բարի ավանդույթներին, որոնք Փաշինյանը խոստացել էր փոխել, որը հերթական անգամ խաբեց։ Երբ այդպիսի բան է քննարկվում, առաջին հերթին պետք է քննարկվեն խնդիրները, որոնք  պիտի լուծվեն այդ երկրում մեր դեսպանի կողմից, հետո այդ խնդիրներից բխող արդեն թե ով կարող է այդ խնդիրները լուծել։ Երբ քննարկվում է անձը, ենթադրվում է, որ որևէ խնդիր, հարաբերությունների որևէ փոփոխություն չի քննարկվել, ուղղակի ուզում են իրենց մտերիմ մարդուն իրենց կարծիքով ուղարկել եւ»,- նշեց նա։

Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն խոսքին, թե իշխանության ներկայացուցիչները գիտեն, որ «դատվելու են», այդ պատճառով արտերկրում նշանակումներ են արվում, Գորգիսյանն ասաց. «Ցանկացած վարկած գոյություն ունենալու իրավունք ունի, բայց ես այդ կարծիքին չեմ, որովհետև եթե մեկին պիտի դատենք, կապ չունի նա դեսպան է, նախարար է, նրան պիտի բերենք ու դատենք։ Եթե մեր նախատեսված ճանապարհով գնա ամեն ինչ, կստեղծվի փաստահավաք խումբ, որը վեր կհանի փաստեր, որոնց հիման վրա, հնարավոր է հարուցել քրեական գործեր, բարեփոխումներից հետո կունենանք անկախ դատական իշխանություն»։

Հարցին՝ ինչո՞ւ է ընդդիմությունը հակված, որ Մակունցն այդ առաքելությունը չի կարող լավ իրականացնել, Գորգիսյանն ասաց. «Ես չասացի՝ նա լավ կամ վատ դեսպան կլինի, ժամանակը ցույց կտա։ Փորձը ցույց է տվել, որ մենք ունեցել ենք լավ դեսպաններ, որոնք որևէ կապ չեն ունեցել դիվանագիտության հետ, բայց հետո դարձել են։ Ես վիճարկում եմ սկզբունքը, չկա խնդիր, որը լուծելու համար պետք էր հենց տիկին Մակունցը։ Հաշվի առնելով, որ նա չունի դիվանագիտական գործ, ես կասկածում եմ, որ նա կկարողանա լավագույնս կատարել դիվանագիտական խնդիրները, բայց չգիտեմ՝ ինչ խնդիր են նրա առաջ դրել, գուցե նրա առաջ դրված է ամեն օր գնալ և կոկտեյլ խմել։ Դեսպանը դիվանագիտական թիմի մի օղակ է»։

Անդրադառնալով վերլուծաբանների այն խոսքին, թե Մակունցին դեսպան նշանակելով պաշտոնական Երևանը Վաշինգտոնին հասկացնում է, որ մեզ համար միևնույն է հայ-ամերիկյան հարաբերությունները, Գորգիսյանն ասաց. «Հայաստանն ունի արտաքին գերատեսչություն ի դեմս՝ ԱԳՆ-ի, եթե մենք այստեղ փոփոխություն չունենք, եթե մենք ռեակտիվից չենք դարձել նախաձեռնող, չենք սկսել ակտիվ գործողություններ, եթե տեսլականը չի փոխվել, ում ուր ուզում ես տար, միևնույն է։

Անդրադառնալով Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագծին՝ ԼՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դեռ 2019 թվականին իշխանությունը շրջանառության մեջ էր դրել մի հայեցակարգային փաստաթուղթ, որով նման բան նախատեսվում էր։ Սովորույթ է դարձել, մենք մի բան ասում ենք, իրենք մերժում են, հետո բերում ու նույն բանն անում են։ Վստահ չեմ, որ հենց հիմա դրա ժամանակն է, բայց կյանքը չի կանգնել, շարունակվում է, պետությունը պիտի շարունակի զարգանալ։ Ցանկացած պարագայում երբ իրավապահ մարմինները հաշվետու են լինում Ազգային ժողովում, դա լավ է։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք վերաբերում են Ոստիկանությանը, չկա հասցեատեր, որին պտի տանք։ Միակ պատասխանող մարդը վարչապետն է, որի միակ պատասխանը լինում է՝ դե ես խնդրին մանրամասն տեղյակ չեմ, գրավոր գրեք, կիմանանք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել