Ազդարարվել է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացման մասին
10:06 - 03 հուլիսի, 2019

Ազդարարվել է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացման մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացումը:
Նախարարությունից հայտնում են, որ այն միտված է պետական միջոցների բաշխման թափանցիկ եւ մրցակցային համակարգի գործունեության, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ եւ մասնակցային մշակութային դաշտի կառուցման, ժամանակակից արվեստների եւ ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման եւ արդյունավետ կառավարման, տարբեր հարթակներում հայկական մշակույթի եւ ժամանակակից արվեստի ներկայացման ապահովմանը:

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐԸ

Մրցույթն անցկացվում է 10 անվանակարգում: Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման եւ մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են հավելյալ չափորոշիչներ:

◆ Տեսարվեստի ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ (կերպարվեստ, դիզայն, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչություն, վիդեոարվեստ)

◆ Երաժշտարվեստի եւ պարարվեստի ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ

◆ Կինոարվեստի ստեղծագործական միջոցառումներ (բացառությամբ կինոարտադրության նախագծերի)

◆ Թատերարվեստի ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ

◆ Մշակութային կրթության ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ

◆ Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ

◆ Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի նախագծեր եւ միջոցառումներ

◆ Թանգարանային եւ գրադարանային ոլորտների ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ

◆ Գրական ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ (բացառությամբ` հրատարակչական նախագծերի)

◆ Հոբելյանական ստեղծագործական նախագծեր եւ միջոցառումներ:

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

◆Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրի եւ գրահրատարակչության, ստեղծարար արդյունաբերության, մշակութային կրթության, մշակութային ժառանգության, արեւմտահայերենի պահպանության եւ հանրայնացման, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային զբոսաշրջության եւ ներառականության խթանմանն ուղղված նորարական եւ հեռանկարային նախագծեր:

◆ Հայտերը ներկայացվում են նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթի անցկացման կարգի համապատասխան: Ծանուցում. Դրամաշնորհային մշակութային ծրագրերին մասնակցելու մանրամասն տեղեկատվությունը ներառված է կարգում:

◆ Ներկայացված հայտերից առաջնահերթություն է տրվում նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությանն ու ռազմավարական գերակայություններին համապատասխանող ծրագրերին, ինչպես նաեւ դեբյուտային, համաֆինանսավորվող, թիրախավորված եւ երկարատեւ արդյունավետություն ապահովող ծրագրերին։

Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝

◆ Հայտաձեւ՝ համաձայն ձեւաչափի (Ձեւ N 1),

◆ Նախահաշիվ՝ համաձայն ձեւաչափի (Ձեւ N 2),

◆ Կազմակերպության կանոնադրության եւ պետական ռեգիստրի վկայականի պատճենները,

◆ Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ,

◆ Տեղեկանք նախագծի համագործակցող եւ համաֆինանսավորող կողմերի մասին,

◆Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ:

Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ համապատասխան հայերեն թարգմանությամբ:

Հայտադիմումի փաթեթի լրացման ընթացքում առաջացած հարցերի եւ խորհրդատվության համար կարող եք դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ յուրաքանչյուր ծրագրի համապատասխան անվանակարգի ներքո զետեղված հեռախոսահամարով։

Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարության ընդհանուր բաժին՝ թղթային տարբերակով եւ էլեկտրոնային կրիչով (նյութերի ծավալը չպետք է գերազանցեն 20 MB)՝ եւ ընդունվում է մինչեւ մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Մասնակիցը չի կարող նույն անվանակարգով, նույն մրցաշրջանում ներկայացնել մեկից ավելի հայտ: Անվանակարգին չհամապատասխանող եւ թերի լրացված հայտերը մերժվում են:

ՄՐՑՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Մրցույթի մեկնարկ 01.07.2019

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 20.07.2019

Մրցույթի արդյունքների հայտարարում 20.08.2019

ԾՐԱԳՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Դրամաշնորհները տրվում են միայն ընթացիկ տարվա համար։ Կախված ուղղությունից, նախարարության ռազմավարական գերակայությունների հետ համապատասխանությունից եւ ներկայացված բյուջեի ծավալներից՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես։

Հայաստանյան եւ միջազգային ընդգրկում ունեցող այն ծրագրերը, որոնց նախապատրաստման համար պահանջվում է ավելի ժամանակ, քան մրցույթի մեկ պարբերաշրջանն է, կարող են առաջարկվել նախորդ պարբերաշրջաններում, պայմանով, որ հայտադիմումի մեջ հստակ հիմնավորվի դրանց ընդգրկունությունը եւ աշխատանքային ժամանակացույցի մեջ մանրամասն նշվեն իրականացման փուլերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել