Բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները կվերամեկնարկեն
17:55 - 10 մարտի, 2021

Բնության հատուկ պահպանվող տարածքների վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները կվերամեկնարկեն

Շրջակա միջավայրի նախարարի մոտ աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների՝ օրենքով սահմանված նպատակներով օգտագործման տալու կարգի լրամշակման և վարձավճարների վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին հայնտեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Քննարկումներին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պ․ Ցուգունյանը, Շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի ժ/պ Ի․ Զարգարյանը, Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ո․Գրիգորյանը, իրավաբանական վարչության պետ Խ․Խաչատրյանը և նախարարի խորհրդական Գ․ Առուստամյանը։

Բնական էկոհամակարգերը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչներն են, որտեղ բնություն-մարդ կապի օրենսդրական կարգավորումը օրվա հրամայական է։

Անտառային ոլորտում շրջադարձային փոփոխություններ են նախատեսվում։ 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-225-Ն ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում վարձավճարի հաշվարկման համար հիմք են հանդիսանում նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով հաշվարկված գները։

Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչելու ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի «Պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը սահմանելու մասին» N 668-Ն որոշումը, ինչով սահմանված է պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը։ Անհրաժեշտություն է առաջանում նաև լրամշակել ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշումը։ Անտառային հողերի օգտագործման համար սահմանվելու են հստակ չափորոշիչներ, որոնց բավարարելու դեպքում միայն տնտեսվարողը կարող է կնքել վարձակալության պայմանագիր։

Նորացված կարգի մշակումից հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում Կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ կսահմանվի նոր վարձավճարներ, դիմումների՝ կարգին համապատասխանելու պարագայում, Անտառային կոմիտեի կողմից կհայտարարվեն մրցույթներ։

 Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի կանոնակարգման շրջանակում մշակման փուլում են այդ նպատակով պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչպես նաև կարճաժամկետ հեռանկարում պլանավորվում է ԲՀՊՏ օգտագործման կարգի մշակման և հարակից իրավական ակտերի և վերանայման գործընթացը։

Նախատեսվող կարգավորումները հնարավորություն կընդձեռնեն հավասարակշռել բնապահպանական և սոցիալ-տնտեսական բաղադրիչները, հասնել ԲՀՊՏ-ների կայուն կառավարման և դինամիկ զարգացման տեսլականին։

Ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերը համակցված են լինելու խիստ հսկողության և վերահսկողության գործառույթով, որի ուժեղացման նպատակով այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունում նախաձեռնվում են մի շարք համալիր ծրագրեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել