Արա Այվազյանը ՄԱԿ-ի ԳՔ տեղակալի հետ քննարկել է COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման քայլերը
14:57 - 07 ապրիլի, 2021

Արա Այվազյանը ՄԱԿ-ի ԳՔ տեղակալի հետ քննարկել է COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման քայլերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը  ապրիլի 7-ին տեսակապի ձևաչափով զրույց է ունեցել  ՄԱԿ գլխավոր քարտուղար տեղակալ, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Հանձնաժողովի միջև հաստատված սերտ փոխգործակցության առնչությամբ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ապահովելու տարբեր գերատեսչությունների մակարդակով ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման շարունակականությունը: 

Միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ Հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերի շուրջ քննարկումների համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց, որ Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության և փոխկապակցվածության ամրապնդման դիրքերից՝ հիմնված ներառականության սկզբունքի լիարժեք իրականացման վրա: 

Ի թիվս մի շարք հարցերի՝ քննարկվեցին առաջիկայում կայանալիք Հանձնաժողովի 77-րդ նստաշրջանին վերաբերող հարցեր: Արտգործնախարար Արա Այվազյանն ու Գործադիր Քարտուղար Արմիդա Սալսիա Ալիսահբանանը մտքեր փոխանակեցին նաև COVID-19-ի հաղթահարման գործում միջազգային ջանքերի գործադրման և համավարակից կայուն վերականգնմանն ուղղված քայլերի շուրջ: 

ԱԳ նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը և Թուրքիան, անտեսելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի ժամանակ գլոբալ հրադադարի կոչը, լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեցին Արցախի դեմ, որի հետևանքով արցախահայության առջև ծառացել են հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրներ: Կարևորվեց միջազգային կառույցների՝ տեղում  անմիջական ներգրավվածությունը և գործուն քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը»,.- ասված է հաղորդագրության մեջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել