Լեհաստանի կառավարությունը 3 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Արցախից տեղահանված բնակիչներին


 |armenpress.am|
21:36 - 15 ապրիլի, 2021

Լեհաստանի կառավարությունը 3 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Արցախից տեղահանված բնակիչներին |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի կառավարությունը ապրիլի 15-ին 3 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանին, որը տրամադրվելու է ՀՀ տարածքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված քաղաքացիներին: «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ Արցախյան պատերազմի օրերից սկսած համակարգում էր արցախցիներին կացարանով ապահովման գործընթացը ու  դեռ պետական հոգածության կացարաններում ունենք բնակվող շուրջ 1000 արցախցիներ: Լեհաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է տրամադրել՝ հիմնականում առաջին օգտագործման պարագաներ, ախտահանիչ  միջոցներ և այլն, որոնք անմիջապես կբաշխվեն քաղաքացիներին»,- նշեց Ստեփանյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի խոսքով՝  Արցախից տեղահանված քաղաքացիները ապահովված են անհրաժեշտ պարագաներով, իսկ Լեհաստանից ուղարկված հումանիտար օգնությունը հավելյալ աջակցություն կլինի նրանց համար:

Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը հիշեցրեց, որ 2021 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հումանիտար օգնության կոչ էր արել, ինչին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին բավականին արագ արձագանքել է:

« Բեռը նպատակաուղղված է այն քաղաքացիներին, ովքեր իրենց տներն են կորցրել Լեռնային Ղարաբաղում: Ուղարկել ենք փախստականների համար առաջին օգնության պարագաներ, ջերմաչափեր, ճնշումը չափող սարքեր և այլն»,- ասաց Չեպլակը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել