Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է շրջակա միջավայրի ոլորտում փոխգործակցության հեռանկարները
19:44 - 19 ապրիլի, 2021

Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է շրջակա միջավայրի ոլորտում փոխգործակցության հեռանկարները

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․Գրիգորյանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով դեսպանին՝ նախարար Պետրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա իր ջերմ ողջույնն է փոխանցել Ղազախստանի իր գործընկեր՝ Էկոլոգիայի, գեոլոգիայի և բնական ռեսուրսների նախարար պարոն Միրզագալիևին։

Նախարարը խոստացել է դիտարկել պարոն Միրզագալիևի կողմից առաջարկների վերաբերյալ նամակը, քննարկել բարձրաձայնված հարցերն ու առաջարկները և համապատասխան ընթացք տալ դրանց։

Ղազախական կողմը ԱԳՆ-ին ներկայացրել է Հայտագիր՝ դիմելով հայկական կողմին խնդրանքով տրամադրել տեղեկատվություն առաջին կատեգորիայի ձեռնարկությունների համար առկա լավագույն հասանելի տեխնիկայի և տեխնոլոգիաների (ԼՀՏ) վերաբերյալ (տեխնոլոգիաների շտեմարանի ձևավորում, տնտեսական արդյունավետության գնահատում, քիմիական, լեռնամետալուրգիական, լեռնահանքային, ցեմենտի, էներգետիկայի և այլ արդյունաբերական ոլորտներում լավագույն տեխնիկայի և տեխնոլոգիաների էկոլոգիական և տեխնոլոգիական բնութագրեր) հայկական փորձի վերաբերյալ։

Կողմերը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում երկրների փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել ղազախական կողմի հետ սերտացնել համագործակցությունն՝ էլ ավելի պաշտպանված շրջակա միջավայր ունենալու համար։

«Ղազախստանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի ավանդաբար բարեկամական հարաբերություններ և՛ ԱՊՀ, և՛ ԵԱՏՄ, և՛ ՀԱՊԿ շրջանակներում։ Այդպիսի հենք ունենալու դեպքում օրինաչափ է, որ շրջակա միջավայրի պահպանության գործում ևս պետք է ջանք ներդնել՝ ի նպաստ երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության։Ես տրամադրված եմ բավականին շոշափելի և երկարատև համագործակցության։Կարճ ժամանակում կհղկենք կետային փոխգործակցության եզրերը և կքննարկենք այն հարթակը, որտեղ դրանք կյանքի կկոչվեն»,-նշել է նախարարը։

Ապա նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ Կառավարության և մասնավորապես Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները շրջակա միջավայրի կառավարման ոլորտում՝ թվարկելով մեկնարկած օրենսդրական փոփոխությունների գործընթացներն ու ընթացիկ այլ ծրագրեր։

Առանձնակի անդրադարձ է կատարվել անտառածածկ տարածքների բազմապատկման և ընդլայնման ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրին և «10 մլն ծառ» նախաձեռնությանը, որի շրջանակում ապրիլի 25-ին նախատեսվում է հանրապետական մեծ ծառատունկ իրականացնել և տնկել 300.000 ծառ։ Նախարարն առաջարկել է գործընկերներին տնկիներ տրամադրել՝ համապետական ծառատունկին դեսպանության աշխատակազմով միանալու համար։

Դեսպան Իմանբաևն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր ուրախությունն հայտնել, որ ոլորտն ի դեմս նախարար Պետրոսյանի ղեկավարում է շրջակա միջավայրի խնդիրներին, առկա իրավիճակին և կառավարման հայեցակարգերին խորապես ծանոթ և բանիմաց մասնագետ։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ակտիվ գրագրության և համագործակցության այլ եղանակների միջոցով գործուն փուլ մտցնել հանդիպման ընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել