Ռուսաստանն ուզում էր ոչնչացնել Իրանի ԱԳՆ ձեռքբերումները․ Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են ԱԳ նախարարի չհրապարակված հարցազրույցից հատվածներ
15:22 - 27 ապրիլի, 2021

Ռուսաստանն ուզում էր ոչնչացնել Իրանի ԱԳՆ ձեռքբերումները․ Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են ԱԳ նախարարի չհրապարակված հարցազրույցից հատվածներ

Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ չհրապարակված հարցազրույցից հատվածներ։ Հարցազրույցի ժամանակ Զարիֆը բողոքում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խառնվում է այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ՝ անտեսելով ԱԳՆ-ի վարող քաղաքականությունը։ Նա քննադատում է անցյալ տարի հունվարին սպանված գեներալ Քասեմ Սուլեյմանիին, քանի որ վերջինս, ըստ նրա, Մոսկվայի հետ համատեղ փորձել է սաբոտաժի ենթարկել Իրանի միջուկային պայմանագիրն Արևմուտքի հետ։  Այս մասին գրում է BBC.com-ը։

Իրանի ԱԳ նախարարի 3 ժամանոց հարցազրույցի ձայնագրությունը հայտնվել է Iran International հեռուստաալիքի ձեռքերում։ Դրա պատճենը ունի նաև BBC-ի պարսկական ծառայությունը։ Հարցազրույցի հրապարակումից մեկ ժամ անց Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ ձայնագրությունը խմբագրվել է՝ խեղաթյուրելով նախարարի խոսքերի իմաստը։

Ինչպես պնդում են նյութը հրապարակած ԶԼՄ-ները, հարցազրույցը դեռևս մարտին իրականացրել էր լրագրող Սաիդ Լեյլազը, որը մոտ է կառավարության տնտեսական բլոկին։ Ծրագրի հեղինակները մտադրվել էին հարցազրույցը հրապարակել, երբ հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո  Հասան Ռոհանիի կառավարությունը վայր կդներ իր լիազորությունները։

Զարիֆը կոշտ քննադատության է ենթարկում գեներալ Քասեմ Սուլեյմանիին, որը գլխավորում էր Իսալամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար հատուկ զորաջոկատներից մեկը։ Այսօր Սուլյեմանին Իրանում հայտարարվել է մարտիրոս ու ազգային հերոս։ Համարվում է, որ հենց նա է համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտիտնին խառնվել սիրիական հակամարտության մեջ 2015թ․ Մոսկվա կատարած այցի ժամանակ։ 

Պատերազմը Սիրիայում ու միջուկային պայմանագիրը

Զարիֆի խոսքով՝ Սուլեյմանիի հետ բանակցությունները 2015թ․ նախաձեռնել էր Մոսկվան, որի նպատակն էր չեղարկել այդ օրերին կնքված միջազգային միջուկային պայմանագիրն Իրանի հետ։ Պայմանավորվածությունների էությունը այն էր, որ Թեհրանը պարտավորվում էր սահմանափակել միջուկային ծարգիրը, որի դիմաց հանվում էին իր նկատմամբ մտցված կոշտ պատժամիջոցները, որոնք մեծ հարված էին հասցնում Իրանի տնտեսությանը։

Ինչպես պնդում է Զարիֆը, Մոսկվան Սուլեյմանիին հրավիրել էր բանակցությունների միջուկային պայմանագրերի ստորագրումից 10 օր հետո, որպեսզի սաբոտաժի ենթարկի այդ պայմանավորվածությունները։
Զարիֆի խոսքով՝ Ռուսաստանն ցանկանում էր օգտագործել իրանական բանակը՝ Սիրիայի տարածքում ցամաքային գրոհի համար։ Իրանը հերքում է իր մասնակցությունը սիրիական հակամարտությանը, թեև 2016թ․ BBC պարսակական ծառայությունը հաստատել է, որ Թեհրանը Սիրիա է տեղափոխում հազարավոր աֆղանացիներ կառավարական ուժերի կողմում պատերազմելու համար։

Զարիֆը չի պարզաբանում ռազմական գործողությունների ու միջուկային պայամանավորվածությունների սաբոտաժի միջև փոխկապակցվածությունը, սակայն, նրա խոսքով, Սուլեյմանին կապ է ունեցել երկուսի հետ էլ՝ իր գործողություններում շրջանցելով Իրանի ԱԳՆ-ն։ 

«Այս այցը նախաձեռնել էր Մոսկվան, ու Իրանի ԱԳՆ-ն որևէ կերպ չեր կարող ազդել դրա վրա։ Այցի նպատակն էր չեղարկել գործարքը»,- ասում է նախարար Զարիֆը։

«Ռուսաստանն ուզում էր ոչնչացնել Իրանի ԱԳՆ ձեռքբերումները», - ասում է նախարարը։ Այդ պատճառով ինքը ստիպված էր կիրառել «կոշտ ու ոչ դիվանագիտական լեզու» Ռուսասատնի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցներում։

2018թ․ ԱՄՆ այդ ժամանակ նախագահ Դոնալդ Թարմփի հրահանգով ԱՄՆ-ն դուրս եկավ միջուկային համաձայնագրից ու մտցրեց լրացուցիչ պատժամիջոցներ Իրանի դեմ։ Դրանից հետո Իրանը նորից ձեռնամուխ եղավ միջուկային արգելված աշխատանքներին։ Ապրիլի սկզբին ԱՄՆ-ն միացավ Վիեննայում տեղի ունեցող բանակացություններին, որոնք միտված էին վերականգնելու Իրանի հետ միջուկային համաձայնագիրը։  

Ինչպես նշում է Իրանի ԱԳ նախաարը, Ռուսաստանը սկսեց քայլեր ձեռնարկել, որ Իրանի ու Արևմուտքի միջև  միջուկային պայմանավորվածությունները չեղարկվեն նախքան պայմանագրի կնքումը՝ հատկապես ակտիվ գործելով պայմանագրի ստորագրմանը նախորդած վերջին շաբաթվա ընթացքում։

«Ռուսները չէին հավատում, որ պայմանագիրը կստորագրվի։ Այդ ժամանակ Ռուսաստանն ու Ֆրանսիան առաջարկեցին, որ պայմանավորվածությունն ուժի մեջ մնալու համար Իրանը 6 ամիսը մեկ պետք է հաստատի իր մանդատը ՄԱԿ Անվտանգության խորհրդում»,- նշում է Զարիֆը՝ հավելելով, որ դա նշանակում էր, որ ամեն 6 ամիսը մեկ Իրանը ստիպված կլիներ պայմանավորվածություն ձեռք բերեր Անվտանգության խորհրդի 5 մշտական ու 10 ժամանակավոր անդամների հետ։

Իրանի ու ԱՄՆ գլխավորությամբ Արևմուտքի փոխհարաբերությունների կարգավորումը հակասում է Ռուսաստանի շահերին, դրա համար էլ միջուկային պայմնագիրը ևս հակասում էր վերջինիս հետաքրքրություններին»,- ասում է Զարիֆը։

Պատերազմը հաղթում էր դիվանագիտությանը

«Սուլեյմանին անընդհատ խառնվում էր դիվանագիտական գործընթացների մեջ»,- բողոքում է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ գեներալը պահանջներ էր ներկայացնում նախարարությանը՝ առանց հաշվի առնելու Զարիֆի դիրքորոշումը։ «Պատերազմը միշտ հաղթում էր դիվանագիտությանը»,- ասում է Զարիֆը՝ իր դերը արտաքին քաղաքականությանը վերաբերող հացերի կայացման ժամանակ զրոյական որակելով։

ԱԳ նախարարը նաև պատմում է 2020թ․ հունվարին Սուլեյմանիի սպանությանը հետևած իրադարձությունների մասին, երբ իրանական ՀՕՊ-ը ոչնչացրել էր ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը՝ այն շփոթելով թևավոր հրթիռի հետ։
Ինքնաթիռի կործանումից հետո մի քանի օր Իրանը հերքում էր իր պատասխանատվությունը։ Ինչպես պատմում է Զարիֆը, ինքը եկել էր ուժայինների հետ խորհրդակցության ու առաջարկել․ «Եթե հրթիռ է հասցրել հարված ինքնաթիռին, եկեք քննարկենք, թե ինչպես նվազեցնենք վնասները։ Ի պատասխան դրան՝ իրեն կարգադրեցին գնալ ու Թվիթերում գրել, որ ոչինչ չի եղել»։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել