Ոստիկանապետը Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցության հնարավորությունը

12:08 - 15 մայիսի, 2021

Մայիսի 14-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։

Ողջունելով դեսպանին՝ ոստիկանության պետը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթեց։

Վահե Ղազարյանն ընդգծել է, որ սա Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի առաջին այցն է ոստիկանություն, ինչը կնպաստի երկու կողմերի համագործակցության զարգացմանը։

Ոստիկանության պետը նշել է, որ երկու երկրների իրավապահ կառույցները ներկայումս համագործակցում են Ինտերպոլի շրջանակներում։ Ընդգծելով, որ հանցավորությունը ազգություն չի ճանաչում, Վահե Ղազարյանն այդ համատեքստում կարևորել է կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում, նաև պարեկային ծառայության և համայնքային ոստիկանության ոլորտներում երկկողմ համագործակցություն ձևավորելու հնարավորությունը։

Ֆուկուսիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա քաղաքացիների անվտանգության ապահովման գործում մասնավորապես կարևորել է ոստիկանության աշխատանքը։

Հանդիպմանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում համավարակի դեմ պայքարի աշխատանքից։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել