2021-ի ապրիլի դրությամբ ՀՀ-ում 625 հազար գրանցված աշխատատեղ կա. Փաշինյանը ներկայացրեց վերջին 3 տարում կատարված աշխատանքները |1lurer.am|
17:06 - 29 մայիսի, 2021

2021-ի ապրիլի դրությամբ ՀՀ-ում 625 հազար գրանցված աշխատատեղ կա. Փաշինյանը ներկայացրեց վերջին 3 տարում կատարված աշխատանքները |1lurer.am|

1lurer.am: 2018-ից մինչև 2019-ի ավարտը 1 մլն 200 հազար մարդու աշխատավարձ, թոշակ կամ նպաստ ենք բարձրացրել: Այդ մասին Երևանի Էրեբունի վարչական շրջանում ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«2020-ին կորոնավիրուսի հետևանքով գնաճ ունեցանք, և աշխատավարձերի բարձրացումը հիմա գուցե ոչ բոլորն են զգում»,- հավելեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2021-ի ապրիլի դրությամբ ՀՀ-ում 625 հազար գրանցված աշխատատեղ կա, ինչը, ըստ նրա, բացարձակ ռեկորդ է: «Այսինքն՝ ՀՀ-ի պատմության մեջ այսքան գրանված աշխատատեղ չենք ունեցել, որքան հիմա: Այդ աշխատատեղերի մի մասը դուրս է եկել ստվերից, մի մասն ուղղակի ստեղծվել է: Ի՞նչ արեցինք, որ այդ աշխատատեղերը ստվերից դուրս գան: 2018-ին ընդունեցինք միասնական եկամտահարկ ունենալու որոշում, սահմանվեց 23 տոկոս, և ամեն տարի այն որոշակի չափով պետք է իջնի, և 2023-ին եկամտահարկը պետք է լինի 20 տոկոս համահարկ՝ անկախ աշխատավարձի չափից: Միաժամանակ, շահութահարկը իջեցրեցինք՝ դարձնելով 18 տոկոս: Քանի որ եկամտահարկը աշխատավարձը բարձրացնելուն զուգահեռ բարձրանում էր, գործատուն խուսափում էր աշխատավարձը բարձրացնելուց, որովհետև դրա հետևանքով ավելի շատ հարկային բեռ էր գոյանալու, և երկրորդ՝ աշխատավարձը բարձրացնելիս դա ձևակերպում էին որպես շահույթ և ծրարով տալիս աշխատողին, իսկ դա աշխատողի իրավունքների ոտնահարում էր, քանի որ աշխատավարձի գրանցման չափը հետագայում ազդում է կենսաթոշակի վրա, վարկ վերցնելիս չէր կարողանում բանկին տալ իրական աշխատավարձի մասին տեղեկանք: Այս փոփոխությունն արագ տվեց իր արդյունքը: Հիմա մենք ցածր եկամտահարկով ավելի շատ հարկ ենք հավաքում՝ շուրջ 4 մլրդ դրամով ավելի շատ, և դա ցույց է տալիս, որ մենք ճիշտ տնտեսական քաղաքականություն ենք վարել»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ վերջին 3 տարում կառուցել են հսկայական թվով ճանապարհներ, ժողովրդագրության ոլորտում կոնկրետ ծրագրեր են իրականացվել, որոնք, ըստ նրա, լինելու են շարունակական: «Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ վճարման չափը կրկնապատկել և վեցապատկել ենք, երեխա ունեցող ընտանիքների համար գործարկել ենք հիփոթեքային վարկի ապահովման ծրագիր: Եթե երեխա ունեցող ընտանիքն ուզում է հիփոթեքով վարկ վերցնի, պետությունն աջակցում է հիփոթեքի կանխավճարը վճարելու առումով, վճարվում է գումարի 90 տոկոսը: Երկրորդ և երրորդ երեխայի ծնվելու պարագայում պետությունը նաև միանվագ վճարում է այդ հիփոթեքային վարկի մայր գումարից՝ 500 հազարից մինչև 1 մլն դրամ»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարարն առանձնացրեց մինչև 2 տարեկան երեխա ունեցող աշխատող ծնողների նպաստի չափի բարձրացումը: Մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերը, այդպես է նաև գյուղական համայնքներում, եթե նախկինում ստանում էին մինչև 18 հազար դրամ, հիմա՝ 53 հազար դրամ:

Նրա խոսքով՝ նպաստ են ստանում նաև չաշխատող ծնողները՝ 25 հազար դրամի չափով:

Փաշինյանն ասաց, որ կրթության ոլորտում էական փոփոխություններ են ձեռնարկվել, մասնավորապես՝ 5 առարկայի ուսուցիչներին հնարավորություն է տրվում ներկայանալու կամավոր ատեստավորման, ինչի արդյունքում բարձր միավորներ հավաքած ուսուցիչները 30-50 տոկոսով ավելի բարձր կստանան արդեն 2021-ի նոյեմբերից, և այդ գործընթացը կլինի շարունակական:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ իրականացվում է մանկապարտեզների զանգվածային կառուցման ծրագիր, և մինչև 2023 թվականը, ըստ նրա, չի լինի մանկապարտեզի տարիքի երեխա, որը չհաճախի նախակրթարան: Ըստ Փաշինյանի՝ առողջապահության ոլորտում նույնպես էական բարեփոխումներ են կատարվել, մասնավորապես՝ սրտի ստենտավորումը, որոշակի պայմաններով, արվում է պետության հաշվին:

Նա նշեց, որ պետպատվերով իրականացվում է ինսուլտի ստենտավորման ծրագիր, պետպատվերի շրջանակում է իրականացվում նաև զինծառայողների ծնողների բուժսպասարկումը:

Փաշինյանն ասաց, որ անվճար է նաև 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժսպասարկումը: Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ 2019-ին դպրոցների և մարզադպրոցների համար ձեռք են բերել այնքան մարզագույք, որն ավելի շատ է վերջին 7 տարիների ձեռքբերումներից:

Փաշինյանն ասաց, որ իրենց Կառավարությունը վերացրել է մենաշնորհը: «Այսօր ՀՀ որևէ գործարար չի կարող ասել, որ իրեն թույլ չեն տվել ապրանք ներկրել ՀՀ, և հենց մենաշնորհների վերացմամբ է պայմանավորված պարենային ապրանքների գնանկումը»,- ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել