Ընտրակեղծարարները խոսում են, որ այս իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները․ Արարատ Միրզոյան
18:30 - 12 հունիսի, 2021

Ընտրակեղծարարները խոսում են, որ այս իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները․ Արարատ Միրզոյան

Շատ տարբեր են այն խոսույթները, ձևակերպումները, որոնք կիրառվում են ընդդիմադիր մի քանի ուժերի կողմից, և «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, մեր բանախոսների կողմից զանազան հարթակներում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ անտեսանելի գիծ կա իշխանությունների դեմ պայքարելու, և արդեն այդ պայքարը պետության և ողջ հասարակության դեմ տանելու։ «Սա մաքուր պատերազմ է ՀՀ –ի դեմ և ՀՀ-ում հիմա կան մարդիկ, կան քաղաքական ուժերի ղեկավարներ, ներկայացուցիչներ, որոնք տանում են այս պատերազմը։ Ես կրկնում եմ՝ երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ որոշ ընդդիմադիրների ձևակերպումները, գործողությունները և Ադրբեջանի իշխանությունների գործողությունները կարծես թե համակարգված են և մի կենտրոնից ուղղորդվեն։ Համենայն դեպս, շահերը մեկին մեկին այդպիսի պարագաներում համընկնում են»։

Արարատ Միրզոյանը նշեց, որ իր խոսքը հիմնականում վերաբերում է այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ «Ես նկատի ունեմ հենց Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժին, Ռոբերտ Քոչարյանին, նկատի ունեմ Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած ուժին, նախկին վարչապետ կար՝ նա էլ է մասնակցում՝ Հրանտ Բագրատյանը, որը հուշում էր՝ երբ ու ոտեղից է պետք  հարձակվել Հայաստանի վրա։ Մարդիկ կան, որ նախընտրական հոլովակներ ունեն, որտեղ ցույց է տալիս՝ ինչպես են բայրաքթարները հարվածներ հասցնում մեր զինուժին, այդ մարդիկ հաճույքով տարածում են հոլովակները, որոնք ստեղծված են ադրբեջանական քարոզչության մեքենայի կողմից և ուղղված եղել են և մինչ այժմ էլ ուղղված են մեր զինվորականների ռազմական ոգին կոտրելուն, և ընդհանրապես հայ ազգի դիմադրական ոգին կոտրելուն»։

Անդրադառնալով որոշ քաղաքական ուժերի դիտարկումներին, ըստ որոնց հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունները վատագույն ընտրություններն են լինելու, Միրզոյանը նշեց․ «Գողերն ու ավազակները խոսում են, որ այս իշխանությունները թալանում են, ընտրակեղծարարները խոսում են այն մասին, որ այս իշխանությունները պատրաստվում են ընտրություններ կեղծել։ Կարծեմ դա առաջին նախագահն էր ասել, որ վատագույն ընտրություններն են լինելու։ Խնդրում եմ, թող այդ մարդը և իր համակիրները հիշեն 1995 և 1996 թ․-ի ընտրությունները»։

Միրզոյանի խոսքով՝ 1991 թ․-ին դեմոկրատական ընտրություններ ունենալուց հետո առաջին անգամ մարդկանց պատկերացումներն ու երազանքները փշրվեցին այդ ընտրակեղծարարության ժայռերին, որոնք հիմնադրեցին և առաջինը իրականացրեցին իրենք 1995 և 1996-ին։ «Իրենց ի՞նչ է թվում, մարդկանց հիշողությունը այդքան կարճ է, կամ մոռացել ենք, կամ վե՞րջ, որ Արցախյան պատերազմ եղավ, էլ ոչ մեկ չի՞ հիշում, որ իրենք ընտրություն են կեղծել, էն մյուսները մարդ են սպանել Երևանի փողոցներում, Մարտի 1-ին կամ հարսնաքարներում, կամ Պապլավոկի սանհանգույցում»։

Նա նաև հավելեց,  որ ընտրապայքարը, քարոզարշավը և ձևակերպումները բավականին կտրուկ են և թեժ են։ «Մի կողմից սա լավ չի, որովհետև, այնուամենայնիվ, ցանկալի կլիներ ունենալ քաղաքական բանավեճ քաղաքական բովանդակության շուրջ՝ մի քիչ այլ տերմինաբանությամբ, բայց մյուս կողմից գուցե բարին այս է, և պետք է վերջնականապես գծեր քաշվեն, այդ մերժվածների կույտը ընդհանրապես նետվի պատմության աղբանոց։ Իրավունք չունեն և տեղ չունեն նրանք հայկական իրականության մեջ, որքան էլ որ իրենց միլիոնների հաշվին փորձեն մի քանի հոգի հավաքել իրենց կամ իրենց շտաբերի շուրջ և ինչ-որ շարժման իմիտացիա ստեղծել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել