Մանդատների բաշխման ու մյուս գործընթացների մասին հայտնի կդառնա 7 օրից. Մուկուչյանն ամփոփեց արդյունքները |armtimes.com|
11:14 - 21 հունիսի, 2021

Մանդատների բաշխման ու մյուս գործընթացների մասին հայտնի կդառնա 7 օրից. Մուկուչյանն ամփոփեց արդյունքները |armtimes.com|

armtimes.com: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները՝ ամփոփելով դրանք:

Նա հրապարակեց ավելի վաղ հայտնի դարձած թվային տվյալները:

Այնուհետ, խոսելով հետագա գործընթացների մասին, ԿԸՀ նախագահը հայտնեց, որ ընտրական օրենսգիրքը նախատեսում է պարտադիր ընթացակարգեր: Դրանք են՝ դիմումների ստացում, դրանց քննարկում, դրանցով համապատասխան որոշումների կայացում, եթե կլինեն վերահաշվարկի դիմումներ, դրանց քննարկում: Այսօրվանից սկսած կուսումնասիրվեն ընտրատեղամասերի գրանցամատյաններում նշված ընտրախախտումները, եթե այդպիսին կլինեն:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է հայտնաբերվեն այնպիսի խախտումներ, որոնք կարող են անդրադառնալ ընտրությունների ելքի վրա, Մուկուչյանը պատասխանեց, թե առայժմ այդ մասին խոսել չի կարող, բայց նման խախտումների մասին ահազանգեր դեռևս չկան:

Մուկուչյանը հաստատեց, որ ՔՊ-ն կազմելու է խորհրդարանական մեծամասնություն, իսկ մանդատների քանակի մասին, ըստ նրա, խոսել դեռևս վաղ է, քանի որ, ինչպես նշվեց, կան ընթացակարգեր: Մանդատների բաշխման մասին հայտնի կդառնա արդյունքների հրապարակումից 7 օր անց:

Մուկուչյանը պարզաբանեց, որ մեկ քաղաքական ուժի ամբողջական ինքնաբացարկի մասին դժվար է խոսել, եթե լինեն պատգամավորներ, որոնք ինքնաբացարկ հայտնելով կհրաժարվեն իրենց մանդատներից, մանդատ կստանան միայն այն ուժերը, որոնք չեն հրաժարվում ու արդեն հայտնի են:

Մուկուչյանը, խոսելով երեկվա ընթացքում գրանցված հոսանքազրկումների մասին, նշեց, որ քվեարկության ընթացքում դա չի խանգարել աշխատանքին, քանի որ տեխնիկական սարքավորումները աշխատում են նաև մարտկոցներով, իսկ ձայների հաշվարկի ժամանակ չի եղել հոսանքազրկում մեկ տեղամասում կամ ինչ-որ մեկի կողմից, այլ եղել է զանգվածային հոսանքազրկում, որի մասին ԿԸՀ-ն վերլուծություններ անել չի կարող:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել