«Կրիսպ» ընկերության ու ԵՊՀ-ի նոր համագործակցության նպատակը ՀՀ-ում արհեստական բանականության ոլորտի զարգացումն է․ Տիգրան Սարգսյան
14:40 - 29 հուլիսի, 2021

«Կրիսպ» ընկերության ու ԵՊՀ-ի նոր համագործակցության նպատակը ՀՀ-ում արհեստական բանականության ոլորտի զարգացումն է․ Տիգրան Սարգսյան

Օրեր առաջ Երևանի պետական համալսարանը և հայկական «Կրիսպ» ընկերությունը հուշագիր են ստորագրել, որով համալսարանում կբացվի YSU AI Lab գիտակրթական լաբորատորիան։

Ի՞նչ նպատակով է ստեղծվում լաբորատորիան և ի՞նչ հնարավորություններ այն կստեղծի ԵՊՀ ուսանողների համար։

«Կրիսպ» ընկերության հետազոտական գծով տնօրեն Տիգրան Սարգսյանն ասում է, որ այս նախաձեռնության նպատակը Հայաստանում արհեստական բանականության դպրոցի ստեղծումն ու ուժեղացումն է․ «Նպատակ ենք ունեցել ստեղծելու մի այնպիսի կենտրոն, որտեղ ԵՊՀ բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողները հնարավորություն կունենան միանալու, կրթվելու, աշխատելու, տպագրելու աշխատություններ, աշխատելու երկարատև նախագծերի վրա, կուտակել նոր գիտելիքներ։ Սրա շնորհիվ հետագայում Հայաստանում ավելի շատ ստարտափներ կստեղծվեն արհեստական բանականության ոլորտում, այսինքն՝ սա երկարատև ներդրում է մեր ոլորտի մեջ»։

Տիգրան Սարգսյանը պատմում է, թե ինչու են կարևորում հենց այս ոլորտի զարգացումը․ «Եթե հետհայացք անենք, կտեսնենք՝ այն մարդը, որը այսօր մենք ենք, մոտ 30.000 տարի կա։  Օրինակ, միջնադարում դարբինը ուներ իր մասնագիտությունը․ ձիու ոտքին նալ էր խփում ու այդ գործով ամբողջ կյանքում ապրում էր։ Այդ գիտելիքը փոխանցում էր իր որդուն, որը ամբողջ կյանքում այդ նույն գործը անում էր։ Հետո կյանքի տեմպը կամաց-կամաց արագացավ։ Եղան ինդուստրիալ հեղափոխություններ․ առաջին հեղափոխությունը 18-րդ դարում էր, երբ ածուխը հայտնաբերվեց։ Այնուհետև շոգեքարշը ստեղծվեց, մոտ 100 տարի անց հայտնաբերեցին գազը, նավթը, այրման շարժիչը, ևս 100 տարի անց էլեկտրականությունը ու տարբեր ուղղությունները սկսեցին զարգանալ»։

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարում սկսեցին զարգացում ապրել նաև արհեստական բանականությունը, մասնավորապես՝ մեքենայական ուսուցումը, որոնց նպատակը ամեն ինչ ավտոմատացնելն է․ «2000-ականները համարվում են 4-րդ ինդուստրիալ հեղափոխության փուլը, երբ սկսեց շատ արագ ինտերնետը զարգանալ, զարգացան ամպային տեխնոլոգիաները, ի հայտ եկավ արհեստական բանականությունը և, մասնավորապես մեքենայական ուսուցման ոլորտը, որոնք ամեն ինչ փորձում են ավտոմատացնել։ Օրինակ, 18-19-րդ դարերում եղել են մարդիկ, ովքեր փորձել են մեքենաները ջարդել, որովհետև ասում էին՝ այդ մեքենաները մեզնից մեր աշխատանքը խլում են, բայց պրոգրեսը բերում է նրան, որ եթե, օրինակ, 1800 թ․-ին մարդիկ աշխատում էին շաբաթական 70 և ավելի ժամ, ապա հիմա մենք աշխատում ենք շաբաթական 40 ժամ, շաբաթ-կիրակի հանգստանում ենք։ Այս արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը բերում է նրան, որ ավելի շատ բաներ են ավտոմատացվում, այն, ինչ թվում էր, որ միայն մարդը կարող է անել, հիմա դա ավտոմատ հնարավոր է անել։ Այսինքն՝ շատ աշխատատեղեր կփակվեն, որովհետև պետք չեն լինի, կբացվեն նորերը, շատ ոլորտներ, որոնք 20 տարի առաջ թվում էին շատ արդիական, այլևս արդիական չեն համարվի»։

Նա նաև ընդգծում է, որ արհեստական բանականության, մեքենայական ուսուցման ոլորտները աշխարհում ամենաբարձր վարձրատրվողներից են․ «Այս ոլորտները կարող են մեծ փոփոխություն ստեղծել։ Նայելով առաջ ու հասկանալով, թե 10 տարի հետո ինչ մասնագիտություններ կլինեն, պետք է փորձել Հայաստանում կրթել և ունենալ ավելի շատ մասնագետներ հենց այդ մասնագիտություններով, որոնք ավելի բարձր աշխատավարձ կստանան, որոնք չեն կորցնի իրենց աշխատանքը և ավելի բարձր եկամտային հարկ կվճարեն, որպեսզի պետությունը զարգանա։ Օրինակ, արհեստական բանականության ոլորտը, բիոտեխնոլոգիաների ոլորտը, բիոֆիզիկայի ոլորտը շատ կաճեն»։

Տիգրան Սարգսյանն ասում է, որ այս պահին պարզ չէ, թե երբ կլինի լաբորատորիայի բացումը․ հիմա քննարկումներ են անցկացնում, հետագա քայլերն են որոշում, ու իրավաբանական հարցերն են կարգավորում։

Նրա խոսքով՝ լաբորատորիան գիտական ուղղվածություն է ունենալու։ Հնարավոր է, որ մյուս բուհերից նույնպես ուսանողների ներգրավեն։

«Պետք է հասկանալ՝ ինչպես դա իրագործել, որովհետև դա կրթական համակարգ է` իր օրենքներով, բայց մտադրությունն այն է, որ բոլորը կարողանան միանալ: «Կրիսպ»-ի աշխատակիցների մեծ մասը ԵՊՀ շրջանավարտներ են ու հիմա դասավանդում են ԵՊՀ-ում։ ԵՊՀ-ն տալիս է ֆունդամենտալ գիտելիքներ և սովորեցնում է սովորել․ այս պոտենցիալը տեսնելով՝ այս պրոյեկտը ԵՊՀ-ում սկսեցինք»,- ասում է Տիգրան Սարգսյանը ու հավելում, որ այս լաբորատորիայի հիմնումը Հայաստանում երկարաժամկետ կտրվածքով մեծ ազդեցություն է ունենալու։

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել