Փաշինյանը ԿԽՄԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի շինծու դատական գործընթացների վրա
21:17 - 30 հուլիսի, 2021

Փաշինյանը ԿԽՄԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի շինծու դատական գործընթացների վրա

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ։

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ջանքերը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց առնչվող խնդիրների հանգուցալուծման և տարածաշրջանում առկա մարդասիրական այլ հարցերի կարգավորման ուղղությամբ։ 

«Որպես հրատապ խնդիր վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելով դատական գործընթացներ սկսելու փաստի, գերության մեջ պահվող անձանց ճշգրիտ թիվը թաքցնելու հանգամանքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը՝ համարելով այն միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում։

Փիթըր Մաուրերը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը` հումանիտար բնույթի  խնդիրների կարգավորման ուղղությամբ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրուցակիցները կարևորել են երկու կողմերի միջև ինստիտուցիոնալ հիմունքներով համագործակցության ամրապնդումն ու խորացումը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ գոյություն ունեցող կապերն ակտիվացնելու և շփումները պարբերական դարձնելու ուղղությամբ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել