ՀԱՊԿ ղեկավարությունում հասկացել են, որ եթե չկոտրեն ստեղծված մթնոլորտը, հակառուսական տրամադրությունները  կարող են ավելի բորբոքվել․ Գարիկ Քեռյան
23:00 - 10 օգոստոսի, 2021

ՀԱՊԿ ղեկավարությունում հասկացել են, որ եթե չկոտրեն ստեղծված մթնոլորտը, հակառուսական տրամադրությունները կարող են ավելի բորբոքվել․ Գարիկ Քեռյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցելությունը Հայաստան հիմնականում քաղաքական նպատակ ունի․ առաջին հերթին՝ կոտրել արդեն ստեղծված եւ կարծրացող կարծիքը, որ ՀՀ-ն պետք է դուրս գա այդ կառույցից, հալեցնել առաջացած սառույցը, եւ ինչ-որ առումով աշխուժացնել Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ մնալու կողմնակիցներին։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երեկ աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել։ Նա հանդիպումներ ունեցավ ՀՀ քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ՝ քննարկելով նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճաը։ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։ 

Զասի այցի ընդհանուր օրինաչափությունն, ըստ մեր զրուցակցի, այն էր, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բավականին մեծ նեգատիվ վերաբերմունք կար ՀԱՊԿ-ի նկատմամբ, որովհետեւ ե՛ւ հանրության լայն շրջանակներում, ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության օղակներում հասունացել էր այն հարցը, թե, ամեն դեպքում, ինչու ՀԱՊԿ-ը չմիջամտեց Հայաստանի՝ պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերին, եւ ինչու ՀԱՊԿ-ի դաշնակից Հայաստանը ստիպված եղավ ստորագրել պարտվողական հայտարարություն։ 

«Այս քննարկումներն, իհարկե, շարունակվում էին եւ են նաեւ պատերազմից հետո, դրանք քաղաքական դիսկուրսում շատ կարեւոր տեղ են զբաղեցնում։ Այս հանգամանքն էականորեն նպաստեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալեւ եւ արեւմտյան պետությունների հետ ռազմաքաղաքական դաշնակցության գնալու կողմնակիցները սոցցանցերում եւ իրենց հրապարակային ելույթներում իշխանություններին կոչ անեն խզել բոլոր կապերը ՀԱՊԿ-ի հետ։ Այս նեգատիվ վերաբերմունքն ինչ-որ առումով խորացավ նաեւ այն ժամանակ, երբ սկսեցին հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումները, եւ երբ Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց պատասխանն էականորեն ուշացավ, իսկ պատասխանում ՀԱՊԿ-ը մերժում էր Հայաստանի խնդրանքը՝ աջակցություն ցույց տալու հարցով»։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի դիտարկմամբ՝ այս ընդհանուր մթնոլորտում երկվությունը՝ արդյոք այդ կառույցում Հայաստանի մնալը ճի՞շտ է, թե՞ ոչ, եւ քննարկումները շատ արդիական են նաեւ այսօր, ուստի պատահական չէ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը կարեւոր է այս քննարկումների թեժացման ֆոնին։ Նրա խոսքով՝ հավանաբար, ՀԱՊԿ ղեկավարության մեջ, մասնավորապես, Կրեմլում էլ հասկացել են, որ եթե ինչ-որ առումով չկոտրեն ստեղծված տրամադրությունները, ապա շատ հնարավոր է, որ արեւմտյան կողմնորշման կողմնակիցներն ավելի շատանան եւ հակառուսական տրամադրությունները դրսի ծառայությունների միջամտությամբ ավելի բորբոքվեն։

«Իհարկե, Զասի այցը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ Հայաստանը սեպտեմբերին ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը, եւ այստեղ կա բավականին լուրջ գործիքակազմ, որ Հայաստանը կարողանա փոխել ՀԱՊԿ անդամ պետությունների ընդհանուր տրամադրությունը Հայաստանի նկատմամբ։ Չնայած, կարծում եմ, ՀԱՊԿ անդամ լինել-չլինելու քննարկումներն այդքան էլ առարկայական չեն, որովհետեւ այդ կառույցում մեր մնալը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի հետ մեր ռազմաքաղաքական համագործակցությամբ, եւ դժվար թե Հայաստանում կամ այլուր լինեն այնպիսի միամիտ մարդիկ, որոնք մտածեն, թե Ղազախստանը, Բելառուսը կամ Տաջիկստանը կարող են գալ եւ այստեղ մեզ համար կռվել կամ մեր սահմանները պաշտպանել»։

Այսօր Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լրագրողի հարցին ի պատասխան՝ կարծիք է հայտնել, որ հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, եւ անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձեւաչափով: 

Քաղաքագետը համաձայն է Զասի այս հայտարարության հետ։ Ըստ նրա՝ մտածել այլ կերպ նշանակում է դեմ գնալ Հայաստանի պետական շահերին, որովհետեւ պատերազմից հյուծված եւ քայքայված բանակով դուրս եկած Հայաստանն ի վիճակի չէ նոր ռազմական կոնֆլիկտի գնալու․

«Եթե մենք նույնիսկ ունենանք այդ հնարավորությունը, այն պետք է բացառել։ Մեր ուղին միմիայն հայ-ադրբեջանական բանակցությունների սկսումն է եւ դրանց արդյունավետ շարունակումը, մինչեւ ավարտվեն սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Առանց այդ համաձայնագրի կնքման՝ Հայաստանը կշարունակի գտնվել պատերազմական իրավիճակում, եւ, այո, այստեղ մենք պետք է օգտագործենք ՀԱՊԿ մեր գործընկերների աջակցությունը, եթե նրանք կարողանան միջնորդական առաքելություն վերցնել իրենց վրա եւ եթե հասնի այն կետը, որ պարզվի՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն այն աստիճանի խորացած թշնամական են, որ երկու երկրներն ի վիճակի չեն խաղաղ բանակցություններ վարել սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ, այստեղ միակ ելքը երրորդ կողմն է, որը կարող է իր մասնագիտական հանձնաժողովով, արդիական գործիքակազմով ճշտել հայ-ադրբեջանական սահմանը»։ 

Իսկ այդ երրորդ կողմը, Քեռյանի համոզմամբ, կարող է լինել ե՛ւ Մինսկի խմբի համանախագահ երկրների հանձնաժողովը, ե՛ւ ՀԱՊԿ անդամ պետությունների հանձնաժողովը, ե՛ւ, օրինակ, միայն ՌԴ-ն․

«Երրորդ կողմին, տվյալ դեպքում, պետք է վերապահվեն սահմանագծման լիազորությունները՝ պայմանավորվածությամբ, որ երկու կողմերը պետք է անվերապահորեն ընդունեն երրորդ կողմի որոշումը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով՝ սա, իհարկե, վերջին, ծայրագույն քայլը պետք է լինի պատերազմից խուսափելու համար, բայց նա համոզված է, որ, թերեւս, պետք է փորձել հայ-ադրբեջանական բանակցային նորմալ գործընթաց սկսել, որովհետեւ դա չի վերաբերելու Արցախի խնդրին, այլ վերաբերելու է տեխնիկական խնդրի լուծմանը՝ սահմանագծմանը եւ սահմանազատմանը։ 

Իսկ թե ինչ առաջնահերթ անելիքներ ունի Հայաստանը՝ իրավիճակին հանգուցալուծում տալու համար, քաղաքագետի խոսքով՝ դիվանագիտությունը եւ քաղաքական գործիչների հասունությունը երեւում են ոչ թե խաղաղ, այլ այսպիսի դժվար ժամանակներում, երբ պետք է գտնել լուծումներ՝ գնալով ամենաանհավանական քայլերի, կոնտակտների․

«Դա պահանջում է ճկունություն, հեռատեսություն, միջնորդների, բարեկամների, դաշնակիցների ուժերի օգտագործում․․․։ Այն, որ մենք հիմա պատրաստ չենք պատերազմի, դա ամբողջ աշխարհը գիտի, այդ թվում՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանն էլ։ Բայց պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ պարտված պետությունն այնպես է հասել հաշտության կնքման, որ պատմաբանները նույնիսկ կասկածում են՝ այդ երկիրը պարտված էր, թե հաղթած։ Պետք է գործադրել դիվանագիտական ողջ ներուժն ու ցուցաբերել քաղաքական հասունություն։ Մենք պետք է մեր հակառակորդ հարեւանների հետ ապրելու համակեցության կանոններ գտնենք, եթե տուրք տանք կեղծ, ուլտրա-ազգայնական, ողբալի եւ պաթոսախառն կոչերին, մենք մեր ապագան չենք կերտի։ Մենք ունենք Հայաաստանի Հանրապետություն, մեր խնդիրն է պահել մեր պետությունը, զարգացնել, ինչը կլինի մեր զոհերի ամենավեհ հուշարձանը։ Իսկ որպեսզի պետությունը կայանա, մենք պետք է կարողանանք գտնել այդ համակեցության կանոնները»,- եզրափակեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել