«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի քվեարկությանը․ Արծվիկ Մինասյան
11:39 - 14 սեպտեմբերի, 2021

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի քվեարկությանը․ Արծվիկ Մինասյան

Քննարկվում է հակակոռուպցիոն քաղաքականության կարևոր ինստիտուտներից մեկի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, բայց չափազանց սկզբունքային նշանակություն ունի այն քաղաքականության հիմնադրույթը, թե ի վերջո ինչպես ենք մենք պատկերացնում հակակոռուպցիոն քաղաքականությունը մեր երկրում։ Անշուշտ սա բոլոր տիպի երկրների համար հիմնարար հարցերից մեկն է, առավել ևս մեր նման երկրի համար, որն անցնելով խորհրդային կարգերը, որտեղ շատ մեծ էր կոռուպցիայի դերը՝ անցումային շրջանում նույնպես զերծ չենք մնացել այս բացասական երևույթից։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ 

Մինասյանը նշեց, որ երկար ժամանակ քննարկումների արդյունքում որդեգրվել է մի մոդել, որտեղ ընդդիմության համոզմամբ հակակոռուպցիոն քաղաքականությունը չի կարող ունենալ դրական արդյունք։

Պատգամավորը մանրամասնեց․ «Նախ այն պատճառով, որ կոռուպցիա ծնող հիմնական շարժառիթը ու պատճառը իշխանական ազդեցության լծակն է թե՛ հանրային ֆինանսական ռեսուրսների հասանելիության, թե՛ այդ ռեսուրսների բաշխման և թե՛ հանրային իրավունքների տրամադրման՝ որոշումների կայացման մակարդակում։ Այս առումով սկզբունքային նշանակություն ունի, թե որոնք են կոռուպցիայի դեմ պայքարի հակահամակարգային տարրերը, որոնք պետք է նպաստեն, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ լինի։ Անշուշտ, ինչպես միջազգային փորձն է վկայում՝ դրա կենտրոնական տեղում քաղաքական ընդդիմությունն է, որը ունենալով լծակներ, փոխադարձ զսպման համակարգի միջոցով հասնել այն բանին, որպեսզի իշխանական լծակների տիրապետող անձիք կարողանան հավասարակշռված այս համակարգում զերծ մնալ, կամ նվազեցնել կոռուպցիոն դրսևորումները»։

Մինասյանը նշեց, որ դեռևս 2000-ականների կեսից Հայ հեղափոխական դաշնակցությունը կարևորել է այս հարցը, օրենսդրական նախաձեռնությունների, առաջարկությունների տեսքով ներկայացրել է իր մոտեցումները և կուսակցությունը մեծ դերակատարություն ունի Գրեկոյի՝ Հայաստանի անդամակցության հարցում։ Մինասյանի խոսքով բոլոր ժամանակներում կուսակցության համար սկզբուքնային նշանակություն է ունեցել այն, որ հակակոռուպցիոն քաղաքականության կենտրոնական, արմատական հարցերից մեկը՝ ընդդիմության դերակատարաությունն է։

«Պատահական չէ, որ մեր բոլոր ժամանակների պնդումներում եղել է հիմնավորում՝ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարումը կամ առնվազն ազդեցիկ դերակատարությունը այս մարմնի գործունեության մեջ պետք է քաղաքական ընդդիմությունը ունենա։ Այս տեսակետը մենք միշտ հայտնել ենք, սակայն այն մոդելը, որը որդեգրվել է հիմա բացարձակ զրոյացրել է ընդդիմության դերակատարությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռևս սկզբնական փուլում ընդունված օրենքի մեջ կար հնարավորությւոն, որ գոնե մասնակի ազդեցություն ունենա ընդդիմությունը՝ այն է մրցութային խորհրդում ընդդիմադիր խմբակցությունները ներակայացնում էին մրցութային խորհրդի անդամներ։

Մեր համոզմամբ այս համակարգը, որը ստեղծվել է չի կարող օբյեկտիվորեն իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար։ Այս համակարգը վստահություն չի ներշնչում առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ չկան անհրաժեշտ գործողությունները, որոնք կփաստեն, որ կա որոշակի հնարավորություն վստահելու այս համակարգին, մենք չունենք այս համակարգի նկատամբ այն վստահությունը, ինչը դուք ունեք։ Ուզում եմ հայտարարել, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս քվեարկությանը»,- եզրափակեց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել