ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին
12:08 - 18 սեպտեմբերի, 2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին

Արցախի խորհրդարանի ղեկավարը սեպտեմբերի 18-ին հյուրընկալել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին և ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանին: ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի գիտակրթական կյանքը և նշել, որ բնագիտական  ուղղությունը զարգացնելու առումով որոշակի առարկայական խնդիրներ ունեն:

«Գիտական կյանքն  Արցախում  նման է վառված մոմի, որը պետք է ձեռքերով պահենք, որ հանկարծ չմարի», - շեշտել է Արթուր Թովմասյանը:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ  համավարակը և 2020թ. աշնանային պատերազմն իրենց ավերիչ ազդեցությունն են թողել ինչպես Արցախի  սոցիալ-տնտեսական, քաղաքական, այնպես էլ գիտակրթական համակարգի վրա:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը իր խոսքում նշել է որ այցի նպատակը ԵՊՀ-ի մասնակցությունն է «100 տուն Արցախում» ծրագրին:

«Մասնակցելով «100 տուն Արցախում» ծրագրին ՝ ԵՊՀ-ն դրանով ցանկանում է ցույց տալ, որ տեղի ունեցածի, պատերազմի արդյունքների հետ հաշտ չէ և միանում է Արցախի ապրեցման և հզորացման ծրագրին»,- իր խոսքում ընդգծել է  Հովհ. Հովհաննիսյանը:

Խոսելով գիտակրթական համակարգի զարգացման մասին՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը  նշել է, որ  նպատակ ունեն վերանայելու գիտության բնագավառում նշանակալի դեր ունեցող  գիտնականների աշխատավարձերը և առողջապահական փաթեթը:

Հովհաննես Հովհաննիսյանը անդրադարձել է տարբեր ստարտափային ընկերությունների , բանկերի հետ  համագործակցելու պայմանավորվածություններին և նոր կրթական ծրագրերի հավատարմագրման անհրաժեշտությանը:

Արթուր Թովմասյանը շնորհակալություն է  հայտնել Հովհաննես Հովհաննիսյանին՝ «100 տուն Արցախում» նախագծին աջակցելու համար և հույս հայտնել, որ այն վարակիչ կլինի շատ այլ կառույցների համար:

Հանդիպմանը ներկա էր ԱՀ ԱԺ գիտության, կրթության,մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել