ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ պարտադրված են եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի |armenpress.am|
17:40 - 08 նոյեմբերի, 2021

ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ պարտադրված են եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է՝ պարտադրված են եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնում ընտրել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի, քանի որ նախարարության ներկայացրած և ԱԺ-ից կողմից ընդունված օրենքի նախագիծը, որով հստակ ֆիքսվել էր, որ հոգաբարձուների խորհրդում չեն կարող լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, գործողության մեջ չի մտել: Նախարարն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ընտրվելու թեմային:

Դումանյանը հիշեցրեց՝ կառավարությունը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծ, որտեղ հստակ գրված է, որ հոգաբարձուների խորհրդում չեն կարող լինել մարդիկ, որոնք զբաղեցնում են քաղաքական պաշտոններ կամ քաղաքական կազմակերպություններում ղեկավար պաշտոններ: Այդ օրենքն ԱԺ-ն ընդունել է, ՍԴ-ն կառավարչական մասի որոշ դրույթներ ճանաչել է հակասահմանադրական: «Մենք էլ ընդունեցինք՝ ի գիտություն, և հիմա արդեն շրջանառության մեջ է այդ երկու դրույթը՝ խմբագրված տարբերակով»,-ասաց նախարարը:

Այսպիսով` օրենքը չի մտել գործողության մեջ, որում ֆիքսվում էր, որ հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն քաղաքական դեմքեր: «Այդտեղ վիճարկվեց ոչ թե քաղաքական, այլ ուրիշ խնդիր՝ համամասնությունը: Այդ օրենքը, եթե լիներ, այսօր դուք քաղաքական դեմքեր չէիք տեսնի, ներկայացված օրենքում հստակ գրված է, որ չպետք է լինեն քաղաքական պաշտոններ զբաղեցնողներ»,-ասաց Դումանյանը:

Անդրադառնալով քննադատություններին, թե գործող իշխանությունն ինչ քննադատում էր, հիմա ինքն է անում՝ վստահեցրեց, որ այդպես չէ: «Մենք ստիպված ժամանակ չկորցնելու համար վերադարձել ենք գործող օրենքին, որը գործում էր մինչև այդ: Իսկ գործող օրենքում ասվում է 4 համամասնություն. 25 տոկոս՝ ուսանողներ, 25 տոկոս՝ պրոֆեսորադասախոսական կազմ և 25 տոկոս՝ լիազոր մարմին և 25 տոկոս՝ հիմնադիր: Հիմնադրի կողմից պետական պաշտոնյաներ են: Մենք հոգաբարձուների խորհրդի թվի քանակը մաքսիմալ նվազեցրեցինք»,-ասաց Դումանյանը:

Այսպիսով, նախարարի խոսքով, ստիպված գործում են այն օրենքով, կառավարության որոշումով, որն ընդունվել է 2005 թվականին, որտեղ հստակ նշված է, որ այսինչ համամասնությամբ պետք է լինի խորհրդի կազմը. արդյունքում՝ այնտեղ հայտնվել են պետական պաշտոնյաներ, քաղաքական դեմքեր:

«Հիմա հայտնվել ենք օրենսդրական տվյալ դաշտում, որտեղ պարտադրված ենք պետական պաշտոնյաներ նշանակել, որոնք բնականաբար քաղաքական առաջնորդներ են, տարբեր պաշտոններ ունեն քաղաքական դաշտում»,-ասաց Դումանյանը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել