Հայ գիտնականները կօգտվեն ԵՄ ամենամեծ ֆինանսավորում ունեցող գիտական համագործակցության ծրագրի հնարավորություններից
19:53 - 12 նոյեմբերի, 2021

Հայ գիտնականները կօգտվեն ԵՄ ամենամեծ ֆինանսավորում ունեցող գիտական համագործակցության ծրագրի հնարավորություններից

Նոյեմբերի 12-ին Բրյուսելում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին լիիրավ ասոցացված պետություն, և Հայաստանի գիտնականները կարող են օգտվել Եվրոպական միության ամենամեծ՝ 95,5 մլրդ եվրո ֆինանսավորում ունեցող գիտական համագործակցության ծրագրի ընձեռած հնարավորություններից: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն։

«Համաձայնագիրը ՀՀ կողմից ստորագրել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար և Բելգիայի Թագավորությունում արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը, ԵՄ կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների և նորարարության գլխավոր տնօրենի տեղակալ Սիգնե Ռացոն: Համաձայնագրի ստորագրմանը նվիրված հանդիպմանը առցանց մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ «Հորիզոն-Եվրոպա» ծրագրին մասնակցությունը Հայաստանի ազգային գիտահետազոտական համակարգի զարգացման համար կարևոր քայլ է, նոր գիտելիքների ու փորձի ձեռքբերման հնարավորություն: «Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է միջոցառումներ, որոնք կնպաստեն ծրագրին Հայաստանի գիտական հանրույթի մասնակցության ընդլայնմանը: Մենք լիահույս ենք, որ ծրագրի շնորհիվ հայաստանյան գիտական խմբերն ավելի մեծ ներդրում կունենան ժամանակակից գլոբալ մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտական աշխատանքներում»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը: 

«Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-27 թվականների համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս հայ գիտնականներին ինտեգրվել Եվրոպական գիտական տարածքում, օգտվել ԵՄ երկրների գիտական ենթակառուցվածքներից և մասնակից դառնալ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններին: «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը փոխարինելու է «Հորիզոն 2020» ծրագրին, որին Հայաստանը հաջողությամբ մասնակցել է 2016-2020 թթ.։ «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել են 312 հայտեր, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը և ֆինանսավորման են երաշխավորվել 35-ը: Ասոցացված երկրների շարքում Հայաստանի Հանրապետության մասնակցության հաջողության գործակիցը 11,81 տոկոս է:

«Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին, ինչպես նաև միջազգային այլ ծրագրերին ՀՀ գիտնականների մասնակցությունը խթանելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ այս տարվա օգոստոսին վերաբացվել է Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոնը, որը հայտարարված մրցույթների մասին տեղեկատվությունը տարածում է գիտական շրջանակներում, հայտատուներին և ծրագրի հնարավոր շահառուներին մատուցում է խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև համակարգում է ծրագրի թեմատիկ ուղղություններով նշանակված ազգային կոնտակտային անձանց աշխատանքները»,- նշված է կոմիտեի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երբ կառավարությունը քննարկում էր նախագիծը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ծրագրի անդամության ամենամյա վճարը կկատարվի պետական բյուջեից գիտությանը հատկացվող միջոցների հաշվին։Դումանյանի խոսքով՝ առաջին երկու տարիներին անդամակցության վճարը 550 հազար եվրո է, բայց, ըստ պայմանավորվածության, 50 տոկոսը վերադարձվելու է, 3-րդ տարվանից, կախված ակտիվությունից, անդամավճարը կարող է վերանայվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել