Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստին
21:04 - 16 նոյեմբերի, 2021

Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԽ նիստին

ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ-ն հակառակորդին հակազդելու գործողություններ է ձեռնարկել։ Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս․ ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա։ Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ։

Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական․ սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Սույն թվականի մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառ․ կմ ինքնիշխան տարածք։ Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։

Իմ գնահատականը միանշանակ է․ Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը։ Այո՛, այսօր մենք ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում։ Բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք, և պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է։ Մենք կարող ենք բանակցել, մենք կարող ենք փնտրել և գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով։

Միջազգային հանրությանը կոչ եմ անում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հասցեական հայտարարություններ ընդունել։ Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են և անիմաստ․ չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած, իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով, և եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային ետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը։

Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են։

ՀՀ կառավարությունը և ժողովուրդը վճռական են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը։ Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են։

Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին։

Այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված»։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ԱԽ արտահերթ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել