ՌԴ ԱԳ փոխնախարարը և Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
13:52 - 17 նոյեմբերի, 2021

ՌԴ ԱԳ փոխնախարարը և Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Քննարկվել է սրումը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում։ Կողմերը անհանգստություն են հայտնել տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ։

Ընդգծվել է Երևանի և Բաքվի զսպվածության, բոլոր խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով լուծելու հրամայական»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։

Այս պահին, ըստ ՊՆ-ի, հայկական կողմն ունի մեկ զոհ, 13 գերեվարված անձ։ 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել