armtimes.com: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ եվրախորհրդարանի երեք տասնյակից ավելի պատգամավորներ նամակով դիմել են Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵԽ գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը։ «Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Զինված ուժերը հարձակման են ենթարկել Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանը։
Որպես Եվրախորհրդարանի անդամներ՝ մենք դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը և ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը և լրջորեն վտանգում է փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։
Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության տարածքից։ Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար։
Հայաստանի արևելյան և հարավային շրջանների բնակչության անվտանգության, խաղաղ, բնականոն կյանքին և մարդու իրավունքներին ոտնահարելուն ուղղված ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն պետք է անհապաղ դադարեցվի»,- ասված է նամակում։
Նրանք կոչ են արել ԵՄ արտաքին գործերի ծառայությանը օգտագործել բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև ռազմատենչ հռետորաբանությունը։
comment.count (0)