Եթե ՌԴ առաջարկները վարչապետի համար ընդունելի են, ուրեմն բխում են մեր շահերից. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|
13:49 - 23 նոյեմբերի, 2021

Եթե ՌԴ առաջարկները վարչապետի համար ընդունելի են, ուրեմն բխում են մեր շահերից. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզում երեկ տեղի ունեցած լարվածությանը, ասաց, որ նման լարվածությունները մեզ միշտ ուղեկցելու են մինչև վերջնական խնդիրների լուծումը, որն իրականություն կդառնա այն ժամանակ, երբ մտնենք սահմանագծման ու սահմանազատման փուլ։

«Դրա համար երկրում պետք է ստեղծել ներդաշնակ, կայուն իրավիճակ։ Ինքներդ տեսաք, որ կան ուժեր, որոնք այդ ցանկությունը կամ օրակարգը չունեն»,- նշեց պատգամավորը։

«Երբ գործողություններ են լինում հակառակորդի կողմից, նրանք պետք է իմանան, որ պատասխանը կստանան: Այս անգամ տեղի ունեցան լոկալ բնույթի բավականին խոշոր ռազմական գործողություններ, որի արդյունքում իրենք տեսան, որ ՀՀ զինված ուժերը կռվելու են, և հետագայում նույնպես տեսնելու են»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ բոլոր բանակցություններից պետք է ինչ-որ ակնկալիք ունենալ:

Անդրադառնալով հարցին՝ ո՞ր թվականի քարտեզներով են իրականացվելու սահմանագծումն ու սահմանազատումը, պատգամավորը նկատեց, որ պետք է գտնել մեզ համար ցանկալի զրոյական կետը:

«Եթե Հայաստանի վարչապետի համար ընդունելի են դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի առաջարկները, ուրեմն դրանք բխում են մեր շահերից։ 1920-ականների քարտեզներն ունեն իրավական հիմք, որը մեզ բանակցելու եւ ակնկալիքներ ունենալու հնարավորություն է տալիս։ Շատ հասարակական կառույցներ կան, ասում են՝ բերեք, մեզ հետ համաձայնեցրեք, թե չէ գնում ենք փողոց փակելու։ Ինչ-որ պահից որեւէ բան գաղտնի չի մնալու, բայց ինչ-որ պահի հասնելու պրոցեսում շատ բան լինելու է գաղտնի, գործընթացներն այդպես են»,- ասաց Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել