Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ»-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը. նրան ընդունել է ԱԺ փոխնախագահը
13:13 - 27 դեկտեմբերի, 2021

Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ»-ի սեփականատեր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը. նրան ընդունել է ԱԺ փոխնախագահը

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ» ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:

ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովում «Վայլդբերիզ» ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային առեւտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաեւ դրա շուրջ իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային առեւտրաշրջանառության զարգացմանը համահունչ:

Հակոբ Արշակյանը կարեւորել է ապրանքների եւ ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը՝ անկախ աշխարհագրական վայրից, ինչպես նաեւ տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների զարգացումը: Այս համատեքստում կարեւորվել է Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ «ՀայՓոստի» հետ համագործակցության զարգացումը:

Տատյանա Բակալչուկը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ գոհունակությամբ արձանագրել հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզ» պլատֆորմի միջոցով, որը հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի եւ տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշով: «ՀայՓոստի» հետ համագործակցության վերաբերյալ նշվել է, որ 2022 թ. պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղերում:

«Վայլդբերիզ» ընկերությունը էլեկտրոնային առեւտրի առաջատարն է ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020 թ. կազմել է ավելի քան 5,9 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերությունն ունի ավելի քան 20.000 աշխատակից, գործունեություն է ծավալում աշխարհի բազմաթիվ երկրներում:

Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ կենտրոն:

Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ եւ համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության եւ «ՀայՓոստի» միջեւ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել