Այս պայմաններում Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյունների կարգավորումը անխուսափելիորեն կհանգեցնի անշրջելի վտանգավոր հետևանքների ու ինքնիշխանության կորստի․  ՀՅԴ Բյուրո
20:10 - 27 դեկտեմբերի, 2021

Այս պայմաններում Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյունների կարգավորումը անխուսափելիորեն կհանգեցնի անշրջելի վտանգավոր հետևանքների ու ինքնիշխանության կորստի․ ՀՅԴ Բյուրո

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացների վերաբերյալ, որում ասվում է․ 

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պարբերաբար նախանշել է այն մարտահրա­վերները, որոնք կապված են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավոր­ման գործընթացի հետ՝ հատկապես Հայաստանի գործող իշխանությունների մասնակ­ցությամբ։

Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ պաշտոնական Անկարան ոչ միայն չի հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր հայտնի երեք նախա­պայմաններից (Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելուց հրաժարում, Արցախի ենթակայություն Ադրբեջանին եւ Հայաստան-Թուրքիա առկա միջպետական փաստացի սահմանի իրավական ամրագրում), այլեւ ավելացրել է չորրորդը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում։ Ավելին, Թուրքիայի բարձրագույն իշխանության ներկայա­ցուցիչների հայտարարությունները՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կար­գա­վորման գործընթացն Ադրբեջանի հետ համադրելու վերաբերյալ, փաստում են, որ խոսքը ոչ թե գնում է Հայաստան-Թուրքիա միջպետական բանակցությունների, այլ թշնա­մական տանդեմի կողմից Հայաստանին հարկադրվող նոր անձնատվության մասին։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման այս գործընթացն ի սկզբանե անառողջ է եւ խիստ վտանգավոր։ Դա արվում է Հայաստանի Հանրապե­տության շուրջ ստեղծված միջազգային քաղաքական եւ անվտանգային մի իրավի­ճակում, երբ երկիրը պարտության տարած օրվա իշխանությունը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով զուրկ է հայության կենսական շահերն արդյունավետ պաշտպանելու կարողականությունից։

Ակնհայտ է, որ ներկա պայմաններում Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյունների կարգավորման գործընթացը հղի է աշխարհաքաղաքական, անվտանգային, քաղաքական, տնտեսական եւ հոգեւոր-մշակութային բազմաթիվ մարտահրավերներով եւ անխուսափելիորեն կհանգեցնի անշրջելի վտանգավոր հետեւանքների ու ինքնիշխանության կորստի։

Առկա մտահոգություններն ավելի են խորանում ՀՀ իշխանությունների անպա­տասխա­նատու քաղաքական վարքի եւ հաշվետվողականության ի սպառ բացակա­յության պայման­ներում։ Հայաստանի կողմից հատուկ բանագնացի ընտրությունն էլ հուշում է այն մասին, որ հայկական կողմն ըստ էության մասնակցում է արդեն իսկ կանխորոշված մի գործընթացի, որի հնարավորինս հայանպաստ վերջնարդյունքի ապահովման համար պրոֆեսիոնալ դիվանա­գետի ընտրության կարիք չի զգացվում։

Այս պայմաններում ՀՅԴ Բյուրոն ՀՀ իշխանություններից պահանջում է․

Անմիջապես քողազերծել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավոր­ման գործընթացի ուղենիշները.

Անվանապես եւ ամբողջությամբ մերժել թուրքական նախապայմանները.

Քաղաքական շեշտադրում անել առ այն, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումը կապակցված չի կարող լինել որեւէ երրորդ կողմի հետ։

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերու­թյունների կարգավորման գործընթացում անառարկելիորեն պետք է հաշվի առնվի ՀՀ Սահմանադրա­կան դատարանի՝ Ցյուրիխյան արձանագրությունների սահմանադրա­կանության հարցի վերա­բերյալ 2010 թ․ հունվարի 12-ի որոշումը. ՀՀ-ի բոլոր քայլերը պետք է ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշում­ներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմա­նադրա­կան կարգի հիմնարար սկզբունքներին:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ մեր ժողովրդի իրա­վունքների կանխորոշումը ոչ մի իշխանության մենաշնորհը չէ։ Հայ-թուրքական հարաբերու­թյունները կարող են կարգավորվել միայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախոհությամբ, առանց թուրքական նախապայմանների եւ մեր սերունդների իրա­վունքների ոտնահարման։ Հետեւաբար պետք է պատրաստ լինել համահայկական ընդվզման, եթե ՀՀ իշխանությունները փորձ անեն հայ ժողովրդի իրավունքների ոտնահարման ներկա դիր­քո­րոշմամբ զարգացնել հայ-թուրքա­կան՝ թշնամու կողմից պարտադրված օրակարգը։

Չենք կարող չանդրադառնալ նաեւ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից պարբերաբար հնչեցվող եւ վերջերս առավել եւս ինքնախոս­տո­վանված խիստ վտանգավոր, իրականությունը խեղաթյուրող եւ հայկական շահերը ոտնահա­րող դիրքորոշումներին, ինչը կասկածի տակ է դնում Արցախի Հանրապետության ինքնիշ­խանու­թյունը, տարածքային ամբողջականությունը եւ միջազգային ճանաչման հասնելու լեգիտիմ իրավունքը։

Վերահաստատում ենք, որ ՀՀ գործող իշխանությունների կողմից գրավոր եւ բանավոր որեւէ համաձայնություն, որը կխախտի Արցախի Հանրապետության վերա­բերյալ իրավական հիմնարար նորմերը եւ կամ հարցականի տակ կդնի Թուրքիայից հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հատուցումների պահանջների իրավակա­նությունը՝ ի սկզբանե առ ոչինչ է»։

ՀՅԴ Բյուրո


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել