Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի |armenpress.am|
12:06 - 30 դեկտեմբերի, 2021

Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման երրորդ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի:  ՀՀ կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Պատվաստման գործընթացը շարունակվում է, և սա ամենակարևոր հանգամանքն է հաջորդիվ նոր ալիքներից խուսափելու համար: Մենք արդեն նաև երրորդ խթանիչ դեղաչափի մասով ակտիվ աշխատում ենք: Մոտ 800 քաղաքացի արդեն իսկ ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը: Այն հասանելի է մեր քաղաքացիներին, մենք քաղաքացիներին հորդորում ենք դիմել և ստանալ խթանիչ դեղաչափերը: Պատվաստանյութերի ապահովվածության առումով ունենք բավարար վիճակ»,- ասաց նա:

Նախարարը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 943 377 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է  711 հազար 864 քաղաքացի: «Մենք այս տարվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսային վարակով 184 հազար դրական դեպք, մոտ 40 հազար քաղաքացի ստացել է բուժօգնություն մեր հիվանդանոցային օղակներում: Սա ցույց է տալիս, թե ինչ գերլարված ռեժիմով է աշխատել ողջ առողջապահական համակարգը»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարն, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին, ովքեր արդեն երկու տարի օր ու գիշեր պայքարում են ժողովրդի առողջության և կյանքի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել