Հայ գերիների վերադարձի հարցում էական կլինի ԵԱՀԿ առաջիկա համաժողովը. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան |armenpress.am|
14:50 - 30 դեկտեմբերի, 2021

Հայ գերիների վերադարձի հարցում էական կլինի ԵԱՀԿ առաջիկա համաժողովը. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը դրական լուծում կունենա: Այդ մասին Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դեր կարող է խաղալ Լեհաստանը, որպես 2022 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող, Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, դրանց առնչվող հումանիտար խնդիրների լուծման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Լեհաստանի դեսպանը նաև դրական գնահատեց Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով սկսված երկխոսությունը և դրական ազդակների փոխանակումը:

«Հրաշալիորեն գիտակցում ենք, որ Հայաստանի քաղաքացիների և կառավարության համար առաջնահերթ խնդիր է գերիների հնարավորինս շուտ վերադարձը: Կարծում եմ, որ այս գործընթացում էական կլինի Վիեննայում հունվարի 13-ին կայանալիք հանդիպումը [ԵԱՀԿ համաժողովը], և չէի ուզենա դրանից առաջ ընկնել և նշել մեր առաջնահերթությունները, քանի դեռ դա չի արել իմ ղեկավարությունը», - հավելեց Լեհաստանի դեսպանը:

Դեսպան Պավել Չեպլակի խոսքով՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության ոլորտի վերաբերյալ Լեհաստանի դիրքորոշման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն 2022 թ. հունվարին, երբ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուին կայցելի Վիեննա՝ ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը և ներկայացնելով Լեհաստանի առաջնահերթությունները որպես ԵԱՀԿ նախագահողի, այդ թվում՝ Հարավային Կովկասում ձեռնարկվող քայլերի և նախաձեռնությունների վերաբերյալ:

«Տվյալ հարցը քննարկվել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև այս տարի Վիեննայում և Ստոկհոլմում կայացած հանդիպումների ընթացքում», - նշեց դեսպան Պավել Չեպլակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել