Մեծածավալ նախագծեր ու ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում. ՀՀ նախագահի այցն ԱՄԷ
12:29 - 22 հունվարի, 2022

Մեծածավալ նախագծեր ու ներդրումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում. ՀՀ նախագահի այցն ԱՄԷ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ նշանավորվել է մի շարք գործնական պայմանավորվածություններով: Խոսքը մասնավորապես վերաբերում է վերականգնվող էներգետիկայի ոլորտին:

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ էմիրաթական «Մասդար» ընկերությունը, որը վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային առաջատար ընկերություններից մեկն է, արդեն իսկ սկսել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ 200 մեգավատտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման «Այգ-1» ծրագիրը, որի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2019թ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում: Դեռևս այն ժամանակ Արմեն Սարգսյանը նշել էր, որ այս ծրագիրը մեծ ճանապարհորդության միայն սկիզբն է, և միասին հնարավոր է շատ ավելին անել։

Հայաստանի նախագահն օրերս ԱՄԷ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպելով «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամեդ Ջամիլ Ալ Ռամահի հետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստանում ևս մեկ 200 մեգավատտ հզորության արևային ֆոտովոլտային կայանի կառուցման վերաբերյալ:

Հայաստանում 400 մեգավատտ ընդհանուր հզորությամբ արևային կայանների ծրագրերը ենթադրում են մեծածավալ ներդրումներ: Դրանք ունեն նաև կարևոր ռազմավարական նշանակություն՝ երկրի էներգետիկ համակարգի անվտանգության և անկախության մակարդակի բարձրացման, ինչպես նաև էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման տեսանկյունից: Այս ծրագրերը կնպաստեն նաև Հայաստանն ավելի կանաչ դարձնելուն:

Նախագահն ԱՄԷ այցի ընթացքում «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ քննարկել է նաև հողմային էներգետիկայի ոլորտում մեծածավալ ներդրումներ կատարելու հնարավորությունները, մասնավորապես խոսվել է լրացուցիչ 500 մեգավատտ հզորությամբ կայանի հնարավոր կառուցման մասին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ունի մաքուր էներգիայի ռեսուրսների հսկայական ներուժ:

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան:

Ընդհանուր առմամբ, Հանրապետության նախագահի աշխատանքային այցն ԱՄԷ ևս մեկ գործնական քայլ է արաբական աշխարհի հետ հարաբերությունն ավելի սերտացնելու և համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել