Ղրղզստանը հայտնել է փոխհրաձգության վերսկսման մասին․ իրավիճակը Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին
20:51 - 27 հունվարի, 2022

Ղրղզստանը հայտնել է փոխհրաձգության վերսկսման մասին․ իրավիճակը Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է սկսվել երկու երկրների սահմանապահների միջև։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայությունը։

Բիշքեկում հայտնել են, որ իրավիճակի սրման պատճառ է դարձել տաջիկ զինվորականների գործողությունները, որոնք միակողմանիորեն փակել են Ղրղզստանի Իսֆանա և Բատկեն քաղաքները կապող մայրուղին: Իսկ տաջիկ սահմանապահներն իրենց հերթին պնդել են, թե կրակոցները առաջինը սկսել է ղրղզական կողմը, իսկ իրենք պատասխան կրակ են բացել։ Իրավիճակը դեէսկալացնելու համար դեպքի վայր են մեկնել երկու երկրների պաշտոնյաները։

Բիշքեկում հայտնել են նաև, որ տաջիկական կողմը օգտագործել է ականանետեր և նռնականետեր։ 

Նշվում է, որ Ղրղզստանի սահմանամերձ գյուղերի որոշ բնակիչներ տարհանվել են ղրղզ և տաջիկ սահմանապահների փոխանակման գոտուց։

Տաջիկստանի հետ սահմանին իրավիճակի սրումից հետո Ղրղզստանի Բատկենի շրջանի մի մասը մնացել է առանց էլեկտրականության, հայտնել է Սպուտնիկ Ղրղզստանը։ 

Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնում հայտնել են, թե տաջիկական կողմը խնդրել է հրադադար հաստատել սահմանին, սակայն շարունակում է փոխհրաձգությունը։ Ինչից հետո  Բատկենի (Ղրղզստան) շրջանի ներկայացուցիչ Մարիֆժան Տուլաևը հայտնել է, որ տաջիկական կողմից կրակը դադարեցվել է։ 

Ավելի ուշ հայտնել են փոխհրաձգության վերսկսման մասին։ Ղրղզստանը հայտարարում է նաև  տաջիկական կողմից ծանր տեխնիկայի և զինվորականների տեղափոխման մասին։ 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին հրաձգության հետևանքով, նախնական տվյալներով, վիրավորների թիվը հասել է 6-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել