Դատախազությունը ԲԴԽ-ին ներկայացրել է դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության միջնորդություն
18:13 - 31 հունվարի, 2022

Դատախազությունը ԲԴԽ-ին ներկայացրել է դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության միջնորդություն

ՀՀ գլխավոր դատախազությունը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: 

«ՀՀ գլխավոր դատախազը օրենքով սահմանված կարգով կոնկրետ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բ. Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:  Ելնելով Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված այն դրույթից, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն, քրեական գործի վերաբերյալ լրացուցիչ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել»,- նշել է նա:

Ավելորդ շահարկումների տեղիք չտալու համար, Գոռ Աբրահամյանը հավելել է, որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա հանգամանքներն ու փաստերը որևէ կապ չունեն Աշոտ Մինասյանի գործի հետ և վերաբերում են նշված դատավորի գործունեության հետ կապված՝ շատ ավելի վաղ կատարված դեպքին և շատ ավելի վաղ արված բացահայտումներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ ԱԱԾ-ն ու Դատախազությունը Աշոտ Մինասյանին կալանքից ազատած դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդում են իրականացնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել