ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսին
16:26 - 03 փետրվարի, 2022

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսին

Փետրվարի 3-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հանդիպել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոկսին․ տեղեկացնում են Եվրոպայի խորհրդում (ԵԽ) Հայաստանի մշտական ներկայացուցչությունից։

«Շնորհավորելով Թինի Քոկսին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ դեսպան Խաչատրյանն ընդգծեց ԵԽԽՎ կարևոր առաքելությունը Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման հարցերում՝ որպես քաղաքական քննարկումների համաեվրոպական հարթակ։

Առանձնանշվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևի կարևորությունը, որով վերահաստատվել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության զարգացման հարցում։ Այս համատեքստում կարևորվեց, որ նույն բանաձևում Վեհաժողովը վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհրաժեշտությունը։

Դեսպան Խաչատրյանը ԵԽԽՎ նախագահին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքները՝ այդ թվում հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդիրը։ Կարևորվեց ԵԽԽՎ շարունակական դերակատարությունը այս խնդիրների բարձրաձայնման և կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել