ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը վստահեցնում է՝ Արցախը եղել է և կմնա իրենց մշտական ուշադրության կենտրոնում |armenpress.am|
16:50 - 05 փետրվարի, 2022

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը վստահեցնում է՝ Արցախը եղել է և կմնա իրենց մշտական ուշադրության կենտրոնում |armenpress.am|

armenpress.am: Հայ յեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը վստահեցնում է՝ ՀՅԴ-ի համար Արցախի խնդիրը եղել է և կմնա առանցքային, մշտական ուշադրության կենտրոնում: Բյուրոյի ներկայացուցիչն այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսության իր ելույթում:

Նա նշեց՝ 2021-ին կենտրոնացել են վերականգնման աշխատանքների վրա:

«ՀՅԴ աշխարհասփյուռ ընտանիքն՝ իր Հայ դատի կառույցներով, ուղեկից միություններով, երիտասարդական միավորներով և համակիր շրջանակով հավելյալ թափով լծվեց Արցախի դատը հետապնդելու և Արցախը վերականգնելու գործին»,-ասաց նա:

Ըստ Տեր-Խաչատրյանի՝ պատերազմը դեռ բոլոր ճակատներով և դրսևորումներով շարունակվում է անկայուն հրադադարի քողի տակ:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին՝ նա նշեց, որ իրենք, ըստ էության, դեմ չեն հարաբերությունների հաստատմանը,սակայն դրանք չպետք է լինեն նախապայմաններով, չպետք է նահանջ լինի հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներից, այդ հարաբերությունները չպետք է կարգավորվեն պարտադրանքի տակ: Տեր-Խաչատրյանի խոսքով, սակայն, իրենք Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններ են տեսնում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել