Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանական հենակետեր տեղադրելու հավանականության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում․ ՊՆ
18:49 - 15 փետրվարի, 2022

Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանական հենակետեր տեղադրելու հավանականության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում․ ՊՆ

Lurer.com կայքն այսօր «Ադրբեջանական հենակետեր Ոսկեպար-Բաղանիս հատվածո՞ւմ. ասում են՝ բնակիչներն ուրախ են» վերտառությամբ հրապարակում է արել, որտեղ նշված է, թե տեղեկություններ կան, իբրեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային քարտեզներով սահմանագծում և սահմանազատում անելու դեպքում խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները կարող են հանձնվել Ադրբեջանին, եւ թե սահմանագոտու բնակիչներին անհանգստություն է պատճառում այն, որ սահմանի այդ հատվածում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում, կարող են տեղադրվել ադրբեջանական հենակետեր։ 

Մասնավորապես, կայքը գրել է, որ թեմայի շուրջ զրուցել է Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի հետ, որն էլ, ըստ lurer.com-ի,  ո՛չ հաստատել, ո՛չ էլ բացառել է ադրբեջանական անցակետերի հնարավոր տեղակայման մասին լուրերը. «Ես հիմա որևէ բան չեմ ասում, քանի որ տեղյակ չեմ, թե բանակցային սեղանին ինչ է քննարկվում, այդ պատճառով չեմ կարող ասել, թե ինչի սպասենք: Ամբողջ խոսակցությունները օդում են, հենց այդ բամբասանքներն են մեր «տունը քանդում»»,- լրատվամիջոցին ասել է Սահակյանը: Իսկ Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանն էլ նշել է, որ նման լուրեր իրեն չեն հասել և առայժմ բացառել է հենակետերի տեղակայումը:

Եւ չնայած Բաղանիսի վարչական ղեկավարը ադրբեջանական անցակետերի հնարավոր տեղակայման մասին հաստատական որեւէ բան չի ասել, իսկ Ոսկեպարի վարչական ղեկավարն ուղղակի հերքել է այդ տեղեկությունները, հենակետեր տեղադրելու վերաբերյալ հարցադրումը հայտնվել է կայքի վերնագրում։

Infocom-ը հենակետերի հնարավոր տեղակայման մասին լուրերի վերաբերյալ նախ մեկնաբանություն խնդրեց ՀՀ պաշտպանական գերատեսչությունից․ պաշտպանության նախարարությունից կտրականապես հերքեցին Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանական անցակետերի հնարավոր տեղակայման մասին տեղեկությունները։

Իսկ ահա Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն Infocom-ին հայտնեց, որ առհասարակ նման տեղեկություններ չունի․ «Էս պահի դրությամբ որեւէ բան չկա, սովորական ա, ոչ էլ տենց քննարկումներ են եղել, ես ասել եմ՝ չեմ բացառում, որովհետեւ չգիտեմ՝ ինչ են քննարկում բանակցային սեղանին, չես իմանա՝ ապագայում, երեք տարի հետո ինչ կլինի։ Բայց էս պահին տենց բան չկա»,- մեկնաբանեց նա։

Բացի դրանից՝ կայքը հրապարակման գլխավոր նկար է դրել մի լուսանկար, որը հայկական մեդիատիրույթում ավելի վաղ շրջանառվել է Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետեր տեղադրելու լուրերին կից։  

Սակայն Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական անցակետի նկարը Բաղանիս-Ոսկեպար հատվածում անցակետերի հնարավոր տեղադրման լուրի հետ հրապարակելիս անծանոթ ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծել, թե լուսանկարը հենց Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածից է արված։

Այսպիսով, ՊՆ-ն Infocom-ի հետ զրույցում հերքել է, թե Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական անցակետեր տեղադրվելու հարց է քննարկվում, այդ տեղեկությունները չեն հաստատել նաեւ Բաղանիսի եւ Ոսկեպարի ղեկավարները։ Իսկ lurer.com-ի հրապարակած նյութի լուսանկարում երեւացող անցակետը Բաղանիս-Ոսկեպար հատվածում չէ։ 

Լուսանկարում՝ Բաղանիս տանող ճանապարհը, Բաղանիս ֆեյսբուքյան էջից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել