Մեղրիի միջադեպը բանակում իներցիոն խնդիրների դրսեւորում դարձավ. «Իմ քայլի» պատգամավոր |news.am|
11:41 - 14 մայիսի, 2019

Մեղրիի միջադեպը բանակում իներցիոն խնդիրների դրսեւորում դարձավ. «Իմ քայլի» պատգամավոր |news.am|

news.am: Մեղրիի հայտնի միջադեպը դարձավ բանակում իներցիոն խնդիրների դրսեւորում։ Այս մասին մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Մեղրիի միջադեպը արդյունք է երկու գլոբալ խնդրի, որոնք կան բանակում։ «Նախ՝ դա վկայում է այն մասին, որ խնդիրը միջանձնային հարաբերություններում է, որոնք գոյություն ունեն երկար ժամանակ։ Այն կարելի է լուծել հասարակության եւ բանակի սերտ փոխգործակցության պարագայում։ Պետք է սկսել մանկապարտեզից։ Երկրորդ՝ բանակում անգամ սպաներ են ծառայում, որոնք պայմանական դատվածություն ունեն։ Սա կաշկանդում է նրանց զինվորների հետ հարաբերություններում»,- ասել է նա։

Պատգամավորն ընդգծել է, որ միջադեպի բոլոր մեղավորները պետք է պատժվեն, իսկ ցանկացած խնդիր բանակում պետք է լուծել արագ, բայց բացառելով պոպուլիզմը։ «Մենք օգտագործում ենք մեր հնարավորությունները ոչ միայն բանակում, այլ նաեւ այլ, ներառյալ՝ իրավապահ կառույցներում, նման միջադեպերը բացառելու համար»,- հավաստիացրել է կառավարող դաշինքի պատգամավորը։

Տիգրան Կարապետյանը կարծում է, որ եւս մեկ իներցիոն դրսեւորում է կոռուպցիան, որի դեմ պետք է պայքարել։ «Բանակում կոռուպցիայի դեմ պայքարը կարող է որոշ ժամանակ տեւել՝ հաշվի առնելով, թե ինչ մեծ կառույց է այն։ Օրինակ, պետք է ստուգում կատարել եւ պարզել սպաների բնակարան ստանալու կարգը, եւ կա՞ արդյոք այստեղ կոռուպցիոն դրսեւորում։ Մենք հանդիպել ենք մարդկանց հետ, որոնք դժգոհել են այս առիթով»,- ամփոփել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել