Չէ՞ որ ՀՀ նախագահն ինքնուրույն գործող անձ չէ, կա հակակշիռ՝ ԱԺ, ՍԴ, դե եկեք այդ պատգամավորներին էլ պատասխանատվության ենթարկենք. Ռուբեն Սահակյան |aysor.am|
13:31 - 14 մայիսի, 2019

Չէ՞ որ ՀՀ նախագահն ինքնուրույն գործող անձ չէ, կա հակակշիռ՝ ԱԺ, ՍԴ, դե եկեք այդ պատգամավորներին էլ պատասխանատվության ենթարկենք. Ռուբեն Սահակյան |aysor.am|

aysor.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում, որտեղ քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Ռուբեն Սահակյանը երկար ելույթ ունեցավ՝ ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանին 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը, առաջադրված մեղադրանքը։

Ըստ փաստաբան Սահակյանի, ընդհանրապես պարզ չէ՝ ո՞րն է ՀՀ քրեական օրենսգրք 300.1 հոդվածի հանցակազմի օբյեկտը։

«Նման հանցակազմով երբևէ քրեական գործ Հայաստանում, ինչպես նաև նախկին խորհրդային երկրների տարածքում չի քննվել։ Հանցակազմն ընդհանուր է, բայց օբյեկտը չկա։ Այդ է պատճառը, որ մեզ մոտ հարցեր են առաջանում, որոնց վերաբերյալ մենք միշտ առաջացրել ենք սահմանադրականության հարցը։

Խափանման միջոցի ընտրության հարցի քննարկումներում մենք անդրադարձել ենք այդ հարցին, վեճեր են առաջանում, բայց դատարաններն այս հարցին անդրադարձ չեն կատարում, մատնում են լռության։ Ծանոթացել եք դատարանների որոշումներին՝ ոչ մեկ չի անդրադառնում ու այդ հարցին չեն տալիս պատասխան։ Ուրեմն, կա ինչ-որ մի պատճառ», - հայտարարեց Ռուբեն Սահակյանը։

Փաստաբանը հիշեց 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների գործով նախկին մեղադրյալ Ալեքսանդր Արզումանյանին, որի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք Հայաստանում սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ իրականացնելու համար ու ավելացրեց.

«2008թ.-ի մարտիմեկյան դեպքերով նույն մեղադրանքն առաջադրված է եղել ևս 27 անձի։ Քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ելնելով այն բանից, որ գործող օրենսգրքի 300.1 հոդվածը համարվել է հետադարձ ուժի տեսանկյունից պատասխանատվություն չսահմանող նորմ։

Այժմ տեղի ունեցողը պայմանավորված է իշխանության փոփոխությամբ. այսօր իշխանության է եկել մի անձ, որը ժամանակին նույնպես պետք է մեղադրվեր այս նորմով՝ չի մեղադրվել, քանի որ գտնվել է փախուստի մեջ։

Դատախազներն ասում են՝ «այն ժամանակ մեկ այլ բան են արել, այսօր մենք այս դիրքորոշումն ունենք»։ Ակամայից հիշում ես մի մուլտֆիլմ՝ «Վինի Պուխը», որտեղ խոսվում է «սխալ մեղուների» մասին։ Ինձ մոտ այս մուլտֆիլմն ասոցացվում է «սխալ դատախազների» հետ։

Փաստենք, որ եթե մինչև 300.1 հոդվածի ընդունումը Ռոբերտ Քոչարյանին և մյուս երեք անձանց մեղադրանքն առաջադրված լիներ 300 հոդվածով, ապա նրանց նկատմամբ ևս քրեական հետապնդումը պարտադիր կերպով պետք է դադարեցվեր։ Սա այնքան պարզ միտք է։ Պարզունակ միտք է։ Այսպիսով, պարոն Քոչարյանին մեղսագրվել է մի արարք, որը 2008թ.-ին հանցագործություն չի եղել, հետևաբար՝ նրա նկատմամբ չի կարող կիրառվել որևէ խափանման միջոց։ Եթե արարքը կատարելու պահին հանցագործություն չի համարվել անձի նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել։ Չի կատարել, չի եղել նման հանցակազմ։ Նման հոդված 2008թ.-ին գոյություն չի ունեցել։

Մի նկատառում ևս՝ ոչ ոք չի ուզում խոսել ընդհանրապես դիտավորության մասին. ասում են՝ տապալվել է սահմանադրական կարգը և վերջ։ Հույժ գաղտնի հրաման է ստորագրել, ստորագրել է արտակարգ ռեժիմի մասին հրամանագիր։ Բայց որևէ մեկն ասո՞ւմ է՝ սա արել է այսինչ նպատակով։ Որևէ մեկը փորձե՞լ է քննել դատական նախորդ նիստերում «0038» հրամանի մասին Ռոբերտ Քոչարյանի տված բացատրությունը, որ դա արվել է, որ բացառվի ԶՈՒ ներգրավումը քաղաքական գործընթացներում։

Այս հարցի վեաբերյալ որևէ քննություն չի կատարվել։ Ինչո՞ւ խոսեցի դիտավորության մասին, չէ՞ որ ՀՀ նախագահն ինքնուրույն գործող անձ չէ, կա հակակշիռ, կա Սահմանադրությամբ հաստատված գործընթաց՝ նա պետք է խորհրդակցի ԱԺ նախագահի ու կառավարության ղեկավարի հետ ու հետո ուղերձով դիմի ժողովրդին, հանրությանը։

Հրամանագիրը պետք է անհապաղ քննարկվի ԱԺ-ում ու հավանության արժանանա։ 41 պատգամավոր հրամանգրի հրապարակումից հետո հավաքվել է ու որոշել հավանություն տալ դրան։ Պատգամավորներ կան, որ կողմ են քվեարկել։ Այդ պայմաններում ասել, որ ՀՀ նախագահը դիտավորություն է արել, և ոչ մեկ նրա ձեռքը չի բռնել...

Դե բերեք 41 պատգամավորին, թող նրանք էլ պատասխանատվության ենթարկվեն։ ՍԴ-ն իրավունք ունի չեղյալ հայտարարել հրամանագիրը, բայց չի արել դա։ Ու այս պայմաններում ասել, որ ՀՀ նախագահը հանցագործություն է կատարել... Ես համոզված եմ, որ նախագահին կհամարեին հանցագործ, եթե նա այդպիսի որոշում չընդուներ, եթե նա նման որոշում չկայացներ»։

Փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ընտրվել է անհիմն և պահանջեց անհապաղ ազատ արձակել նրան։ Նա ընդգծեց՝ իր այս ելույթն ամբողջությամբ տեղավորվում է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության համատեքստում, քանի որ հիմնավորումները «100 տոկոսով նույնական են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել