Նոր պատժամիջոցներ ռուսական չորս բանկերի, «կոռումպացված միլիարդատերերի» նկատմամբ․ Բայդենը ուղերձով է հանդես եկել
00:01 - 25 փետրվարի, 2022

Նոր պատժամիջոցներ ռուսական չորս բանկերի, «կոռումպացված միլիարդատերերի» նկատմամբ․ Բայդենը ուղերձով է հանդես եկել

Հինգշաբթի նախագահ Ջո Բայդենը հրապարակել է նոր, խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ, որոնք կոչված են պատժելու երկրին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման համար։ Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատել է իր ագրեսիայի համար, սակայն ընդունելով, որ  ձեռնարկված նոր միջոցներից ժամանակ կպահանջվի Պուտինի վարքագիծը փոխելու համար:

«Պուտինն ագրեսորն է։ Պուտինն ընտրեց այս պատերազմը։ Եվ այժմ նա և իր երկիրը պատասխանատվություն են կրելու հետևանքների համար»,- ասել Է Բայդենը՝ շարադրելով միջոցառումների համալիր, որոնք «շատ թանկ կարժենան ռուսական տնտեսության համար»։

Նոր պատժամիջոցները ներառում են տեխնոլոգիաների արտահանման արգելք, ինչը Բայդենի մոտեցման կենտրոնական տարրն է, որը, նրա խոսքով, լրջորեն կսահմանափակի Ռուսաստանի՝ ռազմական և օդատիեզերական ոլորտը զարգացնելու ունակությունը:

Նա նաև պատժամիջոցներ է կիրառել ռուսական չորս բանկերի, «կոռումպացված միլիարդատերերի» և Կրեմլին մոտ գտնվող նրանց ընտանիքների նկատմամբ:

Նա հայտարարել Է ՆԱՏՕ-ի արևելյան թևում ցամաքային և ռազմաօդային նոր ուժերի տեղակայման մասին, թեև հաստատել է, որ ամերիկյան զորքերը ուղղակիորեն չեն մասնակցի Ուկրաինայում հակամարտությանը։

«Մեր ուժերը չեն մասնակցում և չեն մասնակցելու հակամարտությանը»,- ասել է նա: «Մեր զորքերը Եվրոպա են գնում ոչ թե Ուկրաինայում պատերազմելու, այլ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին պաշտպանելու համար»։

Իր ելույթում Բայդենը Ռուսաստանի ներխուժումը հարևան երկիր բեկումնային պահ է անվանել, որը կարող է գլխիվայր շրջել համաշխարհային կարգը:

«Պուտինի գործողությունները ներկայացնում են մեր աշխարհի ապագայի չարագուշակ տեսլականը, որտեղ ազգերը ուժով են վերցնում իրենց ուզածը», - ասել է նա:

Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի գործողությունները «տնտեսապես և ռազմավարական առումով շատ թանկ կարժենան Ռուսաստանի համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել