Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 300 միլիոն եվրո ֆինանսական օգնություն․ Մակրոն
11:02 - 25 փետրվարի, 2022

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 300 միլիոն եվրո ֆինանսական օգնություն․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 300 միլիոն եվրո ֆինանսական օգնություն։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն։

Մեկնաբանելով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ՝ փետրվարի 24-ի երեկոյան, տեղի ունեցած զրույցը՝ Մակրոնն ասել է, որ այն Ուկրաինայի նախագահ Զելենսկիի խնդրանքով է տեղի ունեցել, և եղել է արագ, անկեղծ և անմիջական։

«Նպատակն էր առաջին հերթին խնդրել շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները, և երկրորդ՝ առաջարկել զրուցել Զելենսկիի հետ, որը ցանկանում է, բայց անձամբ չի կարողացել կապ հաստատել նրա հետ։ Առայժմ դա արդյունք չի տվել»,- ասել է Մակրոնը։

Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան, բացի ԵՄ-ի պատժամիջոցների փաթեթից, սեփական պատժամիջոցները կսահմանի Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով՝ դրանցից կտուժեն մի շարք ռուսներ, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ։

Կրեմլից ավելի վաղ հայտնել էին, որ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը սպառիչ բացատրություն է տվել հատուկ ռազմական գործողության անցկացման որոշման պատճառների ու հանգամանքների վերաբերյալ։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել