Գերմանիան ռուսական գազի դիմաց վճարելու է եվրոյով կամ դոլարով․ ԳՖՀ կառավարության ներկայացուցիչ
11:45 - 31 մարտի, 2022

Գերմանիան ռուսական գազի դիմաց վճարելու է եվրոյով կամ դոլարով․ ԳՖՀ կառավարության ներկայացուցիչ

Գերմանիան շարունակելու է ռուսական գազի դիմաց վճարել եվրոյով կամ դոլարով, ինչպես նախատեսված է պայմանագրերով։ «G7-ի համաձայնագիրն ուժի մեջ է»,- երեկ՝ մարտի 30-ին, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի արդյունքներին, գրում է Deutsche Welle-ն։

Գերմանական կառավարության ներկայացուցչի խոսքով Պուտինը կրկնել է, որ ապրիլի 1-ից Ռուսաստանում օրենք է գործում, որի համաձայն՝ գազի մատակարարման վճարումները պետք է ռուբլիով իրականացվեն։ Սակայն եվրոպական ընկերությունների համար ոչինչ չի փոխվի․ վճարումները կիրականացվեն բացառապես եվրոյով և սովորականի պես կփոխանցվեն «Գազպրոմբանկին», որի դեմ պատժամիջոցներ չեն գործում։ Այնուհետև բանկն այդ գումարը կփոխանակի ռուբլիլով։ Շոլցը, ըստ Հեբեշտրայտի, չի համաձայնել այս ընթացակարգին, այլ միայն խնդրել է գրավոր տեղեկություններ ներկայացնել այդ մասին։

Կրեմլի մամուլի ծառայությունը Պուտին-Շոլց հեռախոսազրույցի մասին հայտնել է հետևյալը

«Վլադիմիր Պուտինը դաշնային կանցլերին տեղեկացրել է մասնավորապես ԳՖՀ-ին մատակարարվող գազի դիմաց ռուբլիով վճարումների անցնելու որոշման մասին։ Հաշվարկների կարգի փոփոխումն իրականացվում է այն պատճառով, որ, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, Ռուսաստանի բանկի արտարժութային պահուստները սառեցվել են ԵՄ անդամ երկրների կողմից»։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Պուտինն ու Շոլցը պայմանավորվել են, որ գազի դիմաց ռուբլիով վճարումների անցնելը կքննարկեն ՌԴ և Գերմանիայի փորձագետները։

«Նշվել է, որ ընդունված որոշումը չպետք է ռուսական գազ ներկրող եվրոպական երկրների համար պայմանագրային պայմանների վատթարացման բերի։ Պայմանավորվածություն կա, որ այդ հարցով լրացուցիչ քննարկումներ կանցկացնեն երկու երկրների փորձագետները»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել